00:00:00

Արմավիրում տղամարդը 2,5 տարեկան երեխային մանկապարտեզում դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել

00:38, 05 մայիս 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արգամ Հովիկյանի գործի դատական քննությունը: Դեպքի պահին 36-ամյա Արգամ Հովիկյանի գործը մեծ հնչեղություն էր ձեռք բերել հանրապետությունում: Նրան առաջադրվել էր ծանր մեղադրանք՝ քրեական օրենսգրքի մի ամբողջ փունջ հոդվածներով: Հովիկյանի կատարածը կարելի է աննախադեպ համարել մեր իրականության մեջ՝ նա Արմավիրում մանկապարտեզ էր մտել դանակով զինված ու պատանդ էր վերցրել 2,5 տարեկան երեխայի, նաև՝ դանակով վնասվածքներ էր հասցրել իրենից հեռացած կնոջն ու նրա տատիկին: Պատանդառված երեխան Արգամի երեխան չէր, մանկապարտեզի սաներից մեկն էր… Դատարանը հաստատված է գնահատել հետևյալը: 2016 թվականի փետրվարին Արգամն ամուսնացել էր Լենայի (անունը փոխված է) հետ, բայց ընտանիքը երկար չի գոյատևել, և ներընտանեկան լարված հարաբերությունների պատճառով 2017 թվականի մարտին Լենան հեռացել է հայրական տուն: Դրանից հետո Արգամը հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների միջոցով փորձել է կապ հաստատել Լենայի հետ ու վերականգնել ընտանիքը, բայց Լենան չի համաձայնել: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին, ժամը 16-ի սահմաններում Արգամը գնացել է Լենայի աշխատավայր՝ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ, մտել է կրտսեր 1-ին խմբի ննջարան ու այնտեղ գտնվող Լենային առաջարկել դուրս գալ մանկապարտեզից և առանձնազրույց ունենալ: Լենան մերժել է: Արգամը բաճկոնի տակից հանել է սառը զենք հանդիսացող, գործարանային եղանակով պատրաստված որսորդական դանակը և բռնելով Լենայի մազերից՝ քարշ է տվել մանկապարտեզի մուտքի դռան մոտ՝ ցանկանալով նրան դուրս բերել մանկապարտեզի շենքից: Լենան կառչել է աստիճանների ճաղավանդակից ու դիմադրել է: Այդ ընթացքում, ըստ դատական ակտի, Արգամը դանակով հարվածներ է հասցրել Լենայի ենթածնոտային, պարանոցի, կրծքավանդակի աջ կողմի, աջ դաստակի, ձախ ուսահոդի շրջաններին՝ կնոջ առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Նրանց է մոտեցել Լենայի տատիկը՝ տվյալ մանկապարտեզի տնօրեն Ռ. Վարդանյանը, փորձել է օգնել թոռնուհուն: Արգամ Հովիկյանը, ըստ մեղադրանքի, Ռ.Վարդանյանին կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա պարանոցին, սակայն Վարդանյանը հասցրել է հետ քաշվել, դանակի հարվածը մակերեսորեն է վնասել Վարդանյանի պարանոցն ու ձախ ականջը: Արգամ Հովիկյանը, ըստ մեղադրանքի, ժամը 16-ն անց 30-ի սահմաններում մտել է ննջասենյակ ու պատանդ է վերցրել ակնհայտ անչափահաս, 2015 թվականի հունվարին ծնված, երկուսուկես տարեկան տղային: Արգամը իր մոտ եղած դանակի սպառնալիքով երեխային պատանդ է պահել՝ պահանջելով, որ իրավապահները «հանդիպում կազմակերպեն կնոջ»՝ Լենայի հետ: Իրավապահները ժամը 20-ի սահմաններում կարողացել են վնասազերծել Արգամ Հովիկյանին և ազատել պատանդառված մանկահասակ երեխային: Արգամ Հովիկյանը նախկինում դատապարտված չէր եղել, բնութագրվել է դրական: Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի, պատանդ վերցնելու, տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 218 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, 113 հոդվածի 1-ին, 235 հոդվածի 4-րդ մասերով: Քրեական գործի նախաքննության ու դատաքննության ընթացքում Արգամ Հովիկյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Դատարանում նա հայտնել է, թե ըստ կնոջ հոր՝ ինքը «ոչ բարով փեսա է եղել»: Կինը 2017 թվականի մարտի 30-ին գնացել է աշխատանքի, այնտեղից էլ՝ հայրական տուն, այլևս իրենց տուն չի եկել, ասել է՝ «հետ չունի գալու»: Ապրիլի 12-ին թաղային ոստիկանը եկել է իրենց տուն՝ կնոջ իրերը տանելու… Ինքն իմացել է, որ կինն ընդհատել է հղիությունն առանց իր գիտության: Ինքը վրդովվել է: Կնոջ տատն ու հորեղբայրը դեմ են եղել իրեն: Ինքը գնացել է մանկապարտեզ՝ Լենային հանդիպելու, բայց Լենայի տատը հրելով Լենային հեռացրել է իրենից: Ինքը ցանկացել է ինքնասպան լինել, որ Լենան տառապի… Դեպքի օրը մտել է մանկապարտեզ, Լենային առաջարկել է դուրս գալ: Լենան «ղժժացել» է: Ինքը ստիպված հանել է դանակը, որ գոնե դանակի սպառնալիքով Լենային տուն տանի… Ներկաները դանակից վախեցել են: Լենան շարժումներ է կատարել, այդ պատճառով դանակով վնասվել են նրա վիզն ու ձեռքը: Եթե ինքը ցանկանար սպանել Լենային, կսպաներ, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Ինքը դեպքի պահին սթափ է եղել՝ ալկոհոլ, թմրամիջոց չէր օգտագործել: Լենայի տատի վնասվելն ինքը չի զգացել՝ դանակը քաշել է, որ նա մոտ չգա: Եթե ուզենար նրան սպանել, կսպաներ, ոչինչ չի խանգարել իրեն, որ նրան սպանի: Լենան այդ ընթացքում մտել է խմբասենյակ, ինքը դանակով նույնպես այդ սենյակ է մտել: Դանակն արյունոտ էր: Սենյակում երեխա չկար, միայն մեկ երեխա էր՝ մահճակալի արանքում: Ինքն այդ երեխային բռնել է, որ ոստիկանը մոտ չգա: Ոստիկանն ասել է. «Կանգնի՛, չանե՛ս»: Ոստիկանները ներս են մտել, ինքը պահանջել է հանդիպում Լենայի հետ: Լենային բերել են: Ինքը պահանջել է, որ բերեն նրա հեռախոսը՝ իր կասկածները ստուգելու համար: Բայց նրա հեռախոսից հաղորդագրությունները ջնջված էին, իր կասկածներն ավելի են խորացել: Մոտեցել է ոստիկանության վարչության պետը: Երեխան այդ ժամանակ իր մոտ էր, նրան հաց, ջուր ու երշիկ են տվել: Իր կամքով ինքը երեխային բաց է թողել, որից հետո սպառնացել է, թե ինքնասպան է լինելու: Ինքը երեխա վնասող տղա չի… Մտել են «մասկաներով» ոստիկանները, «սալյուտ» են կրակել, ինքն իրեն դանակով հարվածել ու վայր է ընկել: Հասել, բռնել են իրեն, տարել են հիվանդանոց, վիրահատել են… Ինքը չէր ուզում ապրել… Լենան իր դանակը տեսնելով՝ «ընկնավորվել է», խուճապահար բռնել է դանակի «լիստից», մատները այդ ժամանակ է վնասել, հետո նրա ոտները թուլացել են, նա ընկել է իր վրա, թե ինչպես է նրա վիզը վնասվել, ինքը տեղյակ չէ: Հավաքվածները գոռում էին, հորդորում էին, որ երեխային ու Լենային բաց թողնի: Եկել է Լենայի տատը, տեսել է դանակն ու ասել է. «Թաղեմ գլուխդ, թո՛ղ էրեխուն, հիվանդ է»… Պատանդ երեխան ոչինչ չէր հասկանում, նա հանգիստ նստել էր իր գիրկը, նույնիսկ մի պահ քնել է: Ինքը գիտակից վիճակում է եղել, իր կամքով է դադարեցրել «ստեղծված իրավիճակը»: Արգամ Հովիկյանն ասել է, թե մոտը դանակ պահելու «հոբբի» ունի: Այդ օրը դանակը վերցրել էր, որ եթե Լենան իր հետ տուն չգար, ինքնասպան լիներ: Իր համար կարևոր չէր՝ որտեղ ինքնասպան կլինի՝ մանկապարտեզո՞ւմ, թե՞ շուկայում: Արգամ Հովիկյանը նշել է՝ ինքը հիմար չէ, որ առաջադրված մեղադրանքները ճիշտ համարի: Այդ ամենը տեղի է ունեցել պահի ազդեցության տակ, երեխային էլ ինքը բաց է թողել իր «հոժար կամքով»: Ինքը մեղադրվում է մի բանի համար, որը չի արել… Ինքը չի արել, իրեն «անհնար է ապացուցել», ինքն «այդ տեսակի մարդ է»… Տուժող Լենա Հ.-ն հայտնել է, թե իրենց համատեղ կյանքի ընթացքում Արգամը կեղծ տեղեկանք է տվել իրեն, ու ինքն այդ տեղեկանքով բանկից 1,5 միլիոն դրամ վարկ է վերցրել, նա այդ գումարը վերցրել և ծախսել է, դրանից հետո իրենց հարաբերությունները լարվել են, ինքը բաժանվել է նրանից և վերադարձել է հայրական տուն: Արգամն անընդհատ զանգել է իրեն, պահանջել է, որ վերադառնա, սպառնացել է՝ եթե չվերադառնա, սպանելու է իրեն… Լենան նշել է՝ դեպքի օրը եթե տատիկը հետ չքաշվեր, Արգամը կսպաներ նրան, քանի որ նա անընդհատ կրկնում էր, թե դանակը մտցնելու է տատիկի կոկորդը… Ինքը բռնվել էր աստիճանների ճաղերից, որ Արգամն իրեն չկարողանա դուրս բերել մանկապարտեզից: Արգամը դանակը դրել է իր պարանոցին, հայհոյանքներ է տվել ու դանակով ծակծկել է իր կրծքավանդակի աջ մասը, վնասել է պարանոցը: Եթե ինքը ձեռքով դանակը չպահեր, ապա պարանոցի կտրվածքն ավելի խոր կլիներ… Ըստ Լենայի՝ Արգամը իրեն սպանել չի ցանկացել, եթե ցանկանար, հեշտությամբ դանակը կարող էր իր սիրտը մխրճել, նա ցանկանում էր վախեցնել իրեն, որ ինքը գնա նրա հետ… Տեսնելով Արգամի անկառավարելի լինելը, ինքն ասել է, թե կգնա նրա հետ: Արգամն առաջարկել է երեխաների ննջասենյակ գնալ ու զրուցել, նա իր մազերից բռնած էր, բաց չի թողել, դանակն էլ մյուս ձեռքին էր: Երբ մտել են ննջասենյակ, իր հորեղբայրը հարվածել է Արգամին, ինքը կարողացել է ազատվել նրանից ու դիմել է փախուստի: Հետո իմացել է, որ Արգամը պատանդ է վերցրել խմբի մանկահասակ տղաներից մեկին, փակվել է ննջասենյակում ու պահանջում է հանդիպում կազմակերպել իր հետ: Ինքը սկզբում վախեցել ու հրաժարվել է գնալ հանդիպման: Ոստիկաններն Արգամին ասել են, թե ինքը հիվանդանոցում է: Ինքը ոստիկանների ասելով՝ հեռախոսազրույց է ունեցել Արգամի հետ: Վերջինս խմբասենյակում գտել է իր հեռախոսը, պահանջել է գաղտնաբառն ասել, որ ստուգի՝ ինքն ում հետ է հեռախոսազրույց ունեցել: Հեռախոսը ինքը բացել է, այն տարել-տվել են Արգամին: Վերջինս պահանջել է, որ ինքը գնա նրա մոտ, եթե ոչ՝ սպառնացել է սպանել երեխային ու ասել է, թե երեխայի մահը կմնա իր խղճին: Ինքը հանուն երեխայի գնացել է Արգամի հետ հանդիպման: Մտել է ննջասենյակ, տեսել է՝ Արգամը նստած է պատուհանի մոտի պահարանին, իսկ երեխան նրա ոտքերի արանքում է: Նրանց միջև դրված էր դանակը՝ սուր ծայրն ուղղված երեխային: Իրեն տեսնելով՝ Արգամը կոպտել է իրեն ու պահանջել է նստել: Ինքը սկսել է նրան համոզել, թե սիրում է նրան, պատրաստ է վերադառնալ նրա մոտ, միայն թե թող երեխային բաց թողնի: Այդ ժամանակ ննջասենյակում են եղել մարզի դատախազը, ոստիկանության վարչության պետը, քրեականի պետը: Արգամը գոռացել է, թե երեխայից արյուն կհանի, որ համոզվեն, թե կվնասի նրան: Մոտ մեկ ժամ համոզել են Արգամին, որ երեխային բաց թողնի: Տեսնելով, որ բաց չի թողնում, ինքը մոտեցել է Արգամին: Նա բաց է թողել երեխային, սենյակում գտնվողներից մեկը երեխային դուրս է բերել: Իրեն էլ անմիջապես հետ են քաշել՝ չթողնելով, որ շատ մոտենա Արգամին: Նա դանակի սուր ծայրը ուղղել է կրծքավանդակին, այդ ժամանակ երկու ուժեղ պայթյուն է հնչել, ինքն այլևս ոչինչ չի տեսել, իրեն դուրս են բերել ննջասենյակից: Հետագայում իմացել է, որ Արգամը դանակով վնասել է ինքն իրեն… Դատարանը հաստատված է գնահատել Արգամ Հովիկյանին առաջադրված մեղադրանքները և վերջին հաշվով նրան դատապարտել է 10 տարի ազատազրկման: Պատժի կրման սկիզբը՝ 2017 թվականի հոկտեմբերի 10-ից: Տուժողների կողմից քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացվել: Որպես դատական ծախսերի հատուցում՝ Արգամ Հովիկյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 627 հազար 236 դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր