Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղի եւ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ Երեւանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի ընթացքում ԱՄԷ պետնախարարը, ողջունելով միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի նախագահ Վահագն Մելիքյանին եւ հայկական պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Ապա նշել է, որ նիստն արտացոլում է երկկողմ հարաբերությունն ի շահ երկու բարեկամ ժողովուրդների զարգացնելու երկուստեք ձգտումը՝ հավելելով, որ նախորդ տարիների ընթացքում ԱՄԷ-ի եւ ՀՀ-ի միջեւ երկկողմ հարաբերություններում շոշափելի առաջընթաց է արձանագրվել մի շարք ոլորտներում։ Համատեղ ջանքերի արդյունքում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններ են կազմակերպվել եւ ստորագրվել են մի շարք կարեւոր տնտեսական համաձայնագրեր, ինչը զգալիորեն նպաստել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության, ներդրումների եւ զբոսաշրջության ամրապնդմանը։
Այս համատեքստում պետնախարարը հատուկ կարեւորել է 2019թ․ հունվարին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի Էմիրություններ կատարած այցը եւ նրա մասնակցությունը Աբու Դաբիի ‹‹Կայունության շաբաթ›› համաժողովին, ինչպես նաեւ 2017թ․ հուլիսին ԱՄԷ արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ Բին Զայեդ Ալ Նահյանի Երեւան կատարած այցը, որոնք նպաստել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ զարգացմանը։