00:00:00

Վարչապետը կհերքի՞  իր հայտարարությունը՝ բավարարելով ԼՀԿ-ի պահանջը

18:16, 04 մայիս 2019

Մայիսի 2-ի  Կառավարությունը մերժեց ԼՀԿ-ի կողմից ներկայացված՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր գաղտնազերծել պաշտոնատար անձանց համար անհրաժեշտ ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմատեխնիկական միջոցների, արարողակարգային ծախսերի, կեցության, սննդի և տրանսպորտային սպասարկման ապահովման համար անհրաժեշտ ապրանքների ծառայությունների գնումները: Այս կապակցությամբ երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում  հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանն ընդգծեց՝ ԼՀԿ-ն  բախվում  է մանիպուլյացիաների, բայց քանի որ այդ կուսակցությունը հեռուստաընկերություն չունի, մնում է՝  ֆեյսբուքով հանրայնացնել ասելիքը։ «Բոլոր հեռուստաընկերությունները վարչապետի խոսքը եթեր են տվել, որի համաձայն պարզվում է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ահաբեկչական խմբավորում է, որը տարբեր նախագծերով հարմարեցնում է իրավիճակ, որ ահաբեկչություն լինի: Մտածեցի, որ երևի դա այդքան ազդեցություն չունի: Հետո նայում եմ բոլոր գրառումները, պարզվում է՝ մենք կարող է արդեն Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչական կազմակերպությունների ցանկի մեջ հայտնվենք, եթե եթերով չասեմ, որ մենք կապ չունենք դրա հետ: Բայց TV-ները մեղավոր չեն: Հեռուստաընկերություններն ի՞նչ են արել: Տվել են վարչապետի խոսքը: Դե ասում են՝ երկրի թիվ մեկ պաշտոնյան է, թիմ մեկ պաշտոնյան երկրի որ ասում է, ուրեմն այդպես է: Երկրի թիվ մեկ պաշտոնյան էլ խոսում է, բաներ է ասում, որ կապ չունի մեր նախագծի հետ, և այդ ասած բաների արդյունքում մարդիկ մտածում են, որ մենք ահաբեկչական նախագծեր ենք ներկայացնում», -  ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում նշեց Էդմոն Մարուքյանը՝ ավելացնելով․ «Նիկո'լ ջան, գնացել ես էդտեղ, որ տեղեկություններ տարածե՞ս, որոնք իրականությանը չեն համապատասխանում, հա՞»։ Հիշեցնենք՝ Կառավարության նիստի ընթացքում  անդարադարնալով վերոնշյալ նախագծին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում  նշեց․ «Մնում է՝ հանրապետության  բարձրաստիճան պաշտոնյաների գրաֆիկները նախապես ինտերնետում դնել, մարշրուտները գծել, գրել, թե ինչ զենքերով են զինված անվտանգության ծառայողները, քանի անվտանգության ծառայող է ուղեկցում, նրանցից ով է ամենալավ կրակողն ու ամենավատ կրակողը և կից խորհրդատվություն ներկայացնել, թե ոնց  է ավելի հարմար տեռորիստական ակտ իրականացնել տվյալ պաշտոնյաների նկատմամբ։ Կարծում եմ՝ մենք թափանցիկության –անապարհով գնում ենք և եթե այսպիսի անհրաժեշտություն  զգանք, կարծում եմ, մենք ինքներս նախաձեռնություն կիրականացնենք»։ Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ irakanum.am-ի հետ զրուցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանը նշեց․ «Վարչապետի խոսքը Կառավարության նիստի ընթացքում ակնհայտորեն  կապ չուներ այն նախագծի հետ,  որը ներկայացրել  էր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը,  և վարչապետն արդեն սովորություն դարձրած՝ իր հեգնական ոճի մեջ  փորձեց խեղաթյուրել նախագծի  էությունը, որպեսզի նախագծի մերժման իրական բացատրությունը չտա։ Դա դասական մանիպուլյացիայի ձև է, բայց վարչապետի պարագայում՝ անընդունելի մի գործելաոճ, հետևաբար մենք  դիմել ենք, որպեսզի վարչապետը հետևողական լինի և հերքվի այն կեղծ լուրը, որը  տարածվեց՝  որպես աղբյուր նշելով վարչապետին, որովհետև խեղաթյուրման հիմքը դրվեց Կառավարությունում վարչապետի խոսքից հետո, իսկ նախագծի էությունը շատ պարզ էր՝ վերականգնել այն  թափանցիկության աստիճանը, որը վերացրել էր Սերժ Սարգսյանը»։ Դավիթ Խաժակյանը նշեց՝ հարցը վիրավորելը չէ, խնդիրը կեղծ տեղեկություն տարածելն է։ «Նա նշեց՝ քիչ է մնում ասենք՝ որ պաշտոնյան երբ, ուր է տեղաշարժվում, որ հեշտ լինի  ահաբեկչություն անել։ Անկեղծ ասած՝ բացի նրանից, որ  մանիպուլյացիաներն են անընդունելի, նաև կարծում եմ՝ վարչապետը պետք է իր նախկին և ներկա պաշտոնների մեջ տարբերություն տեսնի և հասկանա՝ այդ հեգնական խոսելաոճն արդեն ակտուալ չէ իր պաշտոնի համար», -  նշեց Դավիթ Խաժակյանը։ Ընդգծենք՝  վարչապետի վերոնշյալ հայտարարության հետ կապված՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ խմբակցությունը պահանջում է   հերքել «զրպարտչական բնույթի տեղեկությունները»։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանն էլ մեր թղթակցի հետ  զրույցում նշեց՝ ակնհայտ է՝  Կառավարությունում   իրենց ուժի կողմից ներկայացված  «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը իրականում նպատակ ուներ  թափանցիկություն մտցնել այն հարցերում, որոնք բարձրացվել էին։ «Բայց այս նախագիծը ներնգափոխվեց։ Հիմա  դա միտումնավոր արվեց, թե անճշտության խնդիր էր, այդ հարցը, կարծում եմ, պետք է ուղղեք իշխանություններին։ Եթե դա անտեղյակության խնդիր   էր պարոն վարչապետի կողմից, ապա նշեմ՝  մենք հերքման պահանջ ենք ներկայացրել, որպեսզի մեկ շաբաթվա ընթացում հերքում տան։ Եթե պարոն վարչապետը  հերքում տա, այդ ժամանակ կհասկանանք՝  անտեղյակության խնդիր էր», - նշեց Անի Սամսոնյանը։ Հարցին՝ իսկ եթե հերքում չլինի, ո՞րը կլինի ձեր հաջորդ քայլը, Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Բոլոր դեպքերում, մենք կսպասենք իրենց արձագանքին․ հիմա նախապես չեմ  կարող որևէ բան ասել»։ Հարցին՝ առհասարակ, նկատե՞լ եք, որ նույնիսկ  ԱԺ-ում իշխող ուժի ներկայացուցիչները  փորձեն  մանիպուլյացիաներ իրեկանացնել   ԼՀԿ-ի հետ կապված, Անի Սամսոնյանը պատասխանեց․ «Այո՛, շատ անգամ է եղել, որ  մեր հայտարարությունները,  ելույթները ևս մանիպուլացվել են,  ու եթե թերթեք այս երեք ամսվա պառլամենտական պատմությունը, կարծում եմ, կգտնենք  նման իրավիճակներ», - եզրափակեց Անի Սամսոնյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր