Երևանից Արցախ մեկնած պատվիրակությանն ընդունել են ԱՀ նախագահական նստավայրում։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, մաեստրո Տիգրան Մանսուրյանը, ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ:
Քննարկման ընթացքում հնչել է առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։