00:00:00

ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել «Շինանյութի Սերոժի» ընկերությունում

20:47, 03 մայիս 2019 Իրավական

Irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել խոշոր գործարար Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժին» պատկանող ընկերությունում։ Խոսքը «Եվրոպա» ընկերության մասին է, որը զբաղվում է շինանյութի ներկրմամբ, արտադրությամբ եւ վաճառքով։ Սերգեյ Մանուկյանը ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բոթոյանի աներն է։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն ԱԱԾ ստուգումները կրելու են շարունակական բնույթ, իրավապահները որոշակի փաստեր ունեն, որ ընկերությունը հարկային պարտավորությունները պատշաճ չի կատարել։ Հիշեցնենեք, որ տարիներ առաջ եւս ԱԱԾ-ն հետաքրքրված էր Սերգեյ Մանուկյանով։ Դեռեւս  2004թ․-ին տրամվայի գծերի ապամոնտաժման գործով Ազգային անվտանգության ծառայություն էր կանչվել շինարարական բիզնեսով զբաղվող գործարար Սերգեյ Մանուկյանը։ Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ վերջինը ձեռք էր բերել տրամավայի ապամոնտաժված ռելսերը և ամրաններ (արմատուրա) ստանալու նպատակով ձուլել դրանք։ Նշենք, որ «Գուդվին Բետ»-ը եւս  պատկանում է «Եվրոպա» ռեստորանի սեփականատեր, շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանին։ Վերջինիս է պատկանում նաեւ  Աշտարակի ճանապարհին գտնվող շքեղ առանձնատունը։ Հիշեցնենք, որ փետրվարի 12-ի գիշերը Թումանյան փողոցից բերման էր  ենթարկվել Սերգեյ Մանուկյանի՝  «Շինանյութի Սերգեյի» որդին՝ Արման Մանուկյանը։ Տեղեկացրել էինք, որ ոստիկանություն բերման ենթարկված Արման Մանուկյանը եղել է Rols- Royce մակնիշի մեքենայով։ Տեղեկությունների համաձայն երիտասարդը եղել էր անվտանգության աշխատակիցների՝ ախրանիկների ուղեկցությամբ։ Նրանցից մեկի  մոտ նաեւ զենք էր  հայտնաբերվել։ Հիշեցնենք նաեւ, որ «Շինանյութի Սերգեյի» որդուն նախորդ տարի առեւանգել էին։  Ուկրաինայում առեւանգել էին նաեւ Սերգեյ Մանուկյանի զարմիկին։ Ամիսներ շարունակ նրանք փնտրվում էին։ Առեւանգողները պահանջում էին փրկագին։ Սերգեյ Մանուկյանի որդին ու նրա ազգականը պատմել էին, որ նրանց 70 օր պահել են շղթայված եւ դեմքերը փակած վիճակում, որպեսզի չտեսնեին առեւանգողներին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր