00:00:00

«Դանակը խրել էի ընկերոջս ձեռքի մեջ, քաշեցի…». Արմավիրում երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

02:46, 03 մայիս 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Արսեն Ալեքսանյանի գործի դատական քննությունը: 23-ամյա Արսեն Ալեքսանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ըստ դատական ակտի՝ 2018 թվականի մայիսի 31-ին, ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Արսենն իր մեքենայով գնացել է Արմավիր քաղաքի «Պրինցեսա» ժամանցի կենտրոն: Գիշերվա ժամը 3-ին նա սրահից դուրս գալու ժամանակ ուսով բախվել է նույն սրահում պարող Արամ Մ.-ի ուսին: Վերջինս դիտողություն է արել Արսենին, այդ հարցի շուրջ խոսակցություն է ծավալվել երկուսի միջև: Սրահից դուրս են եկել բակ, խոսակցությունը շարունակել են այնտեղ, ավելի են բորբոքվել, միմյանց չեն հասկացել: Արսենն առաջարկել է խոսակցությունը շարունակել Արմավիրի «Կարմիր կամուրջ» կոչվող վայրում: Դրանից հետո Արսենը միայնակ նստել է իր մեքենան ու շարժվել է դեպի պայմանավորված վայրը: Ճանապարհին նրա մեքենան խափանվել է: Արսենը փորձել է գործի գցել շարժիչը, չի կարողացել: Այդ ժամանակ մեքենայով նրան են մոտեցել ծանոթները՝ Վարազդատն ու Գևորգը: Նրանք փորձել են օգնել Արսենին, բայց մեքենան չի սարքվել: Արսենը, որ նախապես իր հետ վերցրել էր ծալովի դանակ, խնդրել է ծանոթներին, որ նրանք մեքենայով իրեն հասցնեն «Կարմիր կամուրջի» մոտ, որտեղ պիտի հանդիպում ունենա: Նրան տեղափոխել են այդ վայր, որտեղ արդեն սպասում էր Արամ Մ.-ն՝ մի քանի ընկերների հետ: Արսենն ու Արամը շարունակել են «Պրինցեսայում» սկսված վիճաբանությունը, նախ միմյանց հետ խոսել են բարձր տոնով, այնուհետև քաշքշել ու փոխադարձ հարվածներ են հասցրել: Արամի հարվածից Արսենն ընկել է գետնին: Ոտքի կանգնելու ժամանակ նա գրպանից հանել է ծալովի դանակն ու հարվածել է Արամի ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս: Արսենին հանգստացնելու, նոր հարված հասցնելը թույլ չտալու համար նրան թիկունքից մոտեցել է ծանոթը՝ Վարազդատը, որ «Կարմիր կամուրջ» էր եկել Արսենի հետ: Վարազդատը հետևից բռնել է Արսենին՝ փորձելով հեռացնել վիճաբանության վայրից: Արսենը մտածելով, թե Արամի ընկերներից մեկն է իրեն բռնել, դանակով հետհարվածներ է կատարել հետևից իրեն բռնողի ուղղությամբ, որի ընթացքով դանակը մխրճել է Վարազդատի ձեռքի մեջ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս՝ ձախ նախաբազկի կտրած-ծակած վերքի ձևով, որն ուղեկցվել է մկանների, անոթների, նյարդի վնասումով: Հասկանալով, որ իր ընկերոջն է դանակով հարվածել, տեսնելով Վարազդատի ձեռքի արյունը, Արսեն Ալեքսանյանը դադարեցրել է հարվածներ հասցնելը, ապա Գևորգի մեքենայով Վարազդատին հասցրել է հիվանդանոց: Արսեն Ալեքսանյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ երկու մարդու առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար: Նա հայտնել է, որ «Պրինցեսա» ժամանցի կենտրոնում ինքը մենակ է ժամանակ անցկացրել, իսկ ժամը 3-ի սահմաններում ցանկացել է դուրս գալ սրահից ու գնալ զուգարան: Այդ ժամանակ ուսով բախվել է սրահում պարող Արամի ուսին: Արամը շրջվել և դիտողություն է արել իրեն, ինքը պատասխանել է, թե պատահաբար է դիպել: Խոսակցությունը շարունակել են, սկսել են գոռգոռալ իրար վրա, ապա դուրս են եկել սրահից: Դրսում էլ իրար չեն հասկացել, որովհետև Արամը շարունակել է բորբոքված տոնով խոսել իր հետ: Առաջարկել է խոսակցությունը շարունակել «Կարմիր կամուրջի» մոտ: Ինքը մենակ նստել է իր մեքենան ու շարժվել է հանդիպման վայր: Քանի որ բարկացած էր, մեքենան վարել է ջրափոսի միջով, մեքենայի շարժիչն անջատվել է: Փորձել է շարժիչը գործի գցել, չի կարողացել: Այդ ժամանակ իրեն են մոտեցել իր ծանոթներ Վարազդատն ու Գևորգը՝ վերջինիս մեքենայով: Նրանք էլ չեն կարողացել իր մեքենայի շարժիչը գործի դնել: Խնդրել է Գևորգին, որ իրեն հասցնի «Կարմիր կամուրջի» մոտ: Մինչև Գևորգի մեքենան նստելը ինքն իր մեքենայից վերցրել է ծալովի դանակն ու դրել է կիսատաբատի գրպանը, քանի որ մտածել է՝ հանդիպման ժամանակ կարող է վիճաբանություն լինել: Արամն ընկերների հետ արդեն հանդիպման վայրում էր: Արամը նորից սկսել է գոռգոռալ, նրա հետ եկած աղջիկն էլ է գոռգոռացել ու քաշքշել է իրեն: Ինքն Արամին ասել է, որ այդ աղջկան հեռու տանի, բայց Արամն այդ խոսքերից հետո ավելի բարձր է գոռգոռացել ու հարվածել է իրեն: Ինքն ընկել է գետնին, քանի որ Արամի հարվածն իր համար անսպասելի էր: Արամի հետ եկածները սկսել են իրեն հարվածել, ինքը չի կարողացել ընկած տեղից բարձրանալ: Մի կերպ ոտքի է կանգնել, կռացած վիճակում գրպանից հանել է դանակը ու հարվածել է իր դիմաց կանգնածի ոտքին: Պարզվել է՝ Արամին է հարվածել: Այդ հարվածից հետո նրանք իմացել են, որ իր մոտ դանակ կա, մի փոքր հետ են քաշվել: Դանակն իր ձեռքին էր, ինքը նրանց վախեցնում էր դանակով, որ չմոտենան: Գևորգն ու Վարազդատը փորձում էին բաժանել իրենց: Գևորգը Արամին մի կողմ է տարել: Մեկը հետևից բռնել է իրեն, փաթաթվել է, ցանկացել է հրելով տանել վիճաբանության վայրից: Ինքը մտածել է, թե իրեն փաթաթվածը Արամի ընկերներից է, դանակով սկսել է հետ հարվածել, հիմնականում՝ իրեն բռնած ձեռքի ուղղությամբ: Իրեն բռնածը հեռացրել է ձեռքերը: Գևորգը մոտեցել ու ասել է, թե ինքը հարվածել է Վարազդատին: Ինքը շրջվել ու տեսել է, որ Վարազդատն էր իրեն բռնել՝ բաժանելու, հեռացնելու նպատակով: Տեսնելով, որ նրա ձեռքը վնասվել է, արյուն է գալիս, նույնիսկ դանակն է մնացել ձեռքի մեջ խրված, ինքը դուրս է քաշել դանակը, պահել է իր մոտ, և Վարազդատին Գևորգի մեքենայով տարել են հիվանդանոց: Դանակը դրել է Գևորգի մեքենայի մեջ… Դատարանը հաստատված է գնահատել Արսեն Ալեքսանյանին մեղսագրված արարքը, նրան մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել է 2 տարի ազատազրկման: Կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, և Արսեն Ալեքսանյանն ազատվել է պատժի կրումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր