00:00:00

Երևանում 25-ամյա վարորդը Nissan-ով Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար, վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց

17:03, 02 մայիս 2019 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Իլոնա Դանիելյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 35 NM 101 համարանիշի ավտոմեքենայով Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Նաիրի» բժշկական կենտրոն, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որից հետո վարորդն ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Սամվել Կոստանդյանն ու Կարեն Մկրտչյանը։ Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդի ինքնազգացողությունը դեպքք վայրում վատացել է, և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում օգնություն ցուցաբերեց վարորդին, որից հետո տեղափոխեց հիվանդանոց։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ նա Երևանի քաղաքապետարանի աշխատակից է և նրան ու վարորդին առաջինը օգնության են հասել Ռուսաստանի դեսպանատան անվտանգության աշխատակիցները։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր