Երևանի կենդանաբանական այգին ավանդույթի համաձայն մայիսի մեկին իր դռները բացեց կենդանասերների առաջ` կազմակերպելով համերգային ծրագիր, վիկտորինա, հանդիպում սիրելի մուլտհերոսների հետ և այլ միջոցառումներ:
«Այս տարի աշխատում ենք նոր նախագծերի վրա: Աշնանը տեղի է ունենալու Եվրոպական կենդանաբանական այգիների ասոցիացիայի ստուգայցը, որպեսզի մենք դառնանք դրա լիիրավ անդամ: Այդ պարագայում կսահմանվի շատ կարևոր սանդղակ, նոր չափանիշներ, թե ինչպես պետք է գործեն կենդանաբանական այգիները, ինչ ձևաչափով պետք է ապահովել կենդանիների բարեկեցությունը և այլն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`նշեց այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ հունիսի մեկին այգին կհամալրվի նոր թռչնատեսակներով:
Այգու այցելուներից Լիաննան, ասաց, որ շատ է սիրում կենդանիներին ու եկել է առյուծին տեսնելու: «Այստեղ նաև երաժշտություն կա: Սիրում եմ պարել»,-նշեց փոքրիկը:
Չորսամյա Արթուրի խոսքով` ամենագեղեցիկ կենդանին առյուծն է: «Ափսոս, նրան չեմ կարող կերակրել»,-ասաց տղան:
2019 թվականի ընթացքում Կենդանաբանական այգում նախատեսված են բոլորովին նոր նախագծեր և միջոցառումներ: Ավարտին են հասցվել այգու պավիան համադրիլների և գիշատիչ թռչունների նոր ազատավանդակների կառուցման հայեցակարգերը: Նախատեսվում է քանդել ներկայիս փոքր բետոնապատ ճաղավանդակները և դրանց փոխարեն կառուցել համադրիլների համար ձմեռանոցով համալրված բաց տարածք, անգղերի և մյուս գիշատիչ թռչունների համար` մեծ բարձրություն ունեցող թռչնանոցներ:
Այս տարի ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ Լատվիայի, Գերմանիայի, Նիդերլանդների և Լեհաստանի կենդանաբանական այգիների հետ` նվիրատվության հիմունքներով ՀՀ ներկրելու վարդագույն կակադուներ, էմուներ, արա տեսակի թութակներ, հազվագյուտ բադանմաններ, տարգալակտուցներ և այլ կենդանատեսակներ:
Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի հետ բանակցություններ են տարվում Երևանի համար ամուրյան վագրերի երիտասարդ զույգ ներկրելու համար, քանի որ վերջիններիս ազատավանդակը բավարար ընդարձակ է և համապատասխանում է եվրոպական ստանդարտներին:
Մայիսի 1-ին կրկին կսկսի գործել մետրոյի Երիտասարդական կայարանի հանդիպակաց մայթում տեղակայված կանգառից Կենդանաբանական այգի բերող անվճար երթուղու ավտոբուսը: Այն ամբողջ տարեշրջանի ընթացքում իր փոքր ու մեծ ուղևորներին Կենդանաբանական այգի կբերի շաբաթ, կիրակի և տոնական օրերին: Շաբաթվա մյուս` աշխատանքային օրերին այն չի գործի:
Կենդանաբանական այգում տոմսարկղերի հարակից տարածքում այսուհետ մշտապես գործելու են բուժկետն ու մոր և մանկան սենյակը: