00:00:00

Հանեք Երեւանի ավագանու նիստին լրագրողների մասնակցության սահմանափակումը. ԼՀԿ-ն նախագիծ է ներկայացրել

15:16, 01 մայիս 2019

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը ներկայացրել էր «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ: Այս առնչությամբ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հաղորդագրություն է տարծել, որտեղ ասվում է. «2018 թվականի փետրվարին ավագանու նիստում տեղի ունեցած հայտնի կոյուղաջրի պատմությունից հետո նախորդ իշխանությունների կողմից օրենքով կատարվեց երկու փոփոխություն: Առաջինը վերաբերում էր քաղաքապետի կողմից ավագանու նիստերին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակի սահմանափակմանը, երկրորդը՝ լրատվամիջոցների տեղաշարժի սահմանափակմանը, երբ նրանց արգելվեց մասնակցել ավագանու նիստերին անմիջապես դահլիճում: Մեր ներկայացրած նախագծով առաջարկում էինք հանել ավագանու նիստերին մասնակցելու սահմանափակումը եւ թույլ տալ լրատվամիջոցներին մասնակցել ավագանու դռնբաց նիստերին: Ինչպես նաեւ առաջարկում էինք հանել Երեւանի քաղաքապետարանում ԶԼՄ-երի հավատարմագրման կարգը, որովհետեւ այն հակասում էր «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքին, որի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  «լրատվական գործունեություն իրականացնողը իր լրագրողին հավատարմագրելու համար իրավունք ունի դիմել պետական մարմիններ»: Այսինքն՝ օրենքում խոսք չկա ՏԻՄ-ի մասին եւ Երեւանի քաղաքապետարանին՝ որպես ՏԻՄ, չի կարող տրվել լրատվամիջոցներին հավատարմագրելու լիազորություն: Ապրիլի 26-ին տեղի է ունեցել կառավարության կոմիտեի նիստ եւ առաջին երկու առաջարկները մերժվել են: Ավագանու նիստերը բոլորի համար բաց դարձնելու հակափաստարկը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից շատ տեխնիկական էր՝ դահլիճը փոքր է: Լրատվամիջոցների դռնբաց մասնակցությունը եւս մերժվեց իրավականորեն ամրագրել. քանի որ ըստ քաղաքապետի դե ֆակտո նրանք մասնակցում են: Նա նշեց, որ շուտով Երեւանի ավագանու նիստերի դահլիճում լինելու են ձեւափոխություններ եւ առանձնացվելու է հատուկ տեղ լրատվամիջոցների համար, որը կապահովի տեսանելիություն նաեւ դեպի դահլիճ (ԱԺ-ի պես): Ստիպված էի պարոն քաղաքապետին եւ ներկաներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ մենք չենք առաջնորդվում բարի թագավորների սկզբունքով եւ դե յուրե ամրագրումը ունի ինստիտուցիոնալ նշանակություն: Երրորդ առաջարկն ընդունելի էր եւ համաձայնեցին, որ լրատվամիջոցները կարող են լուսաբանել Երեւանի քաղաքապետարանի աշխատանքները առանց հավատարմագրման եւ միայն անձը ու լրատվամիջոցը հաստատող փաստաթղթով: Նիստերը բոլոր մասնակիցների համար բաց դարձնելու առաջարկը մեծապես կնպաստեր տեղական ժողովրդավարության բարձրացմանը: Ավագանու աշխատանքները պետք է հասանելի լինեն համայնքի բոլոր բնակիչներին եւ այն անձանց, ովքեր հետաքրքրված են համայնքի խնդիրներով: Բայց Երեւանի քաղաքապետի դիրքորոշումը ցավոք տեղավորվում է միայն տեխնիկական խնդիրների լուծման անհնարինության շրջանակներում, ինչը, ըստ ինձ, բարեփոխումները արգելակող մտածողություն է եւ մոտեցում: Նիստերի դահլիճին կից հատուկ տեղ առանձնացնելու վերաբերյալ կցանկանայի լսել լրատվամիջոցների կարծիքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր