Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները կասեցվել են, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ապատեղեկատվություն է որակել հրապարակումները, որ իր կողմից կաշառք վերցնելու տեսանյութ կա:
Նա նշել է, որ այն լրատվամիջոցը, որը կհրապարակի նման տեսանյութ, այդ դեպքում պատրաստ է տվյալ լրատվամիջոցի խմբագրություն կտրել իր ձեռքը:
Հիշեցնենք, որ օրերս «168 ժամ»-ը հղում անելով իր աղբյուրներին՝ գրել էր, աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլեւ տեսանյութ, որում հստակ երեւում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:
ԱԱԾ-ից հիշյալ գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնում՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը։ Ի՞նչ վերաբերում է Irakanum.am-ի հարցին, թե առկա է արդյո՞ք տեսանյութ, որի վերաբերյալ մամուլում հրապարակումներ կան, ԱԱԾ մամուլի ծառայությունից նշեցին․ ԱԱԾ-ն չի մեկնաբանում այդ կարգի բամբասանքները»։
Irakanum.am