00:00:00

Մոտ մեկ տարի եմ ՀՀԿ-ական եղել. Պապոյանը պնդում է՝ զրպարտում են

18:46, 30 ապրիլ 2019

Այսօր մամուլում հայտնվեց գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի օգնական Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա անդրադարձել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ անդամ Գևորգ Պապոյանին։ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում  մասնավորապես գրել էր․ «Ես 2007-2010թթ եղել եմ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահը, Պապոյանը եղել է մեր ուսանողական խորհրդի ֆակուլտետային նախագահ: Նա 2006 թվականին անդամակցել է ՀՀԿ-ին ոչ թե իր ընկերներից մեկի խաթր, այլ բառացի եմ ասում․ նրա հայրը, ով մանկավարժական համալսարանում դասախոս էր, խնդրել էր էդուարդ Շարմազանովին, որ նա միջնորդի, որ գյուղի խեղճ տղա է ընդգրկեն ՈԻԽ շարքերը և ակտիվացնեն»։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Irakanum.am-ի հետ զրույցում պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց․ «Ոչ, նման բան չի եղել, դա ստախոսություն է»։ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբության գրառման մեջ նշել է, որ 2007 թվականից հետո ՈՒԽ ֆակուլտետային նախագահ Գևորգ Պապոյանը ակտիվ մասնակցել է բոլոր կուսակցական երիտասարդական հավաքներին։ «Ասեմ ավելին ես եմ եղել կազմակերպիչը, 2008 թվականի մարտի մեկին Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց անցկացվող ակցիաների, իսկ Գևորգ Պապոյանը անընդհատ եղել է իմ կողքին, երբ մենք Քոռ Լևոն բացականչելով կանգնել էինք ԼՏՊ ի տան դռան մոտ նա նույնպես եղել է ինձ հետ: Համացանցում կա նաև տեսանյութ, որ նա իմ և իմ մի քանի այլ ընկերների հետ եղել է ԼՏՊ-ի տան դիմաց, ասեմ ավելին հացն ու ջուրը ինքն է բերել», - նշել է Մանթաշյանը։ Հարցին՝ ասվածն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ զրպարտություն է, Գևորգ Պապոյանը պնդեց՝ նման բան չի եղել։ «ՀՀԿ-ական եղել եմ, այո՝ 2007-2008 թվականներին։ Մոտ մեկ տարի եմ ՀՀԿ-ական եղել։ Համաժողովրդական շարժումը սկսվելուց հետո դուրս եմ եղել ՀՀԿ-ից։ Առհասարակ, ավելի շուտ պետք է դուրս գայի․ ես 18-19 տարեկան եմ եղել, երբ անդամակցել եմ այդ կուսակցությանը, հետո տեսել եմ՝ իմը չէ, դուրս եմ եկել», - նշեց պատգամավոր Գևորգ Պապոյանը։ Հարցին՝ ինչպես Նարեկ Մանթաշյանն է նշում, ՀՀԿ-ի «զնաչոկով» մասնակցե՞լ եք միջոցառումների, Պապոյանը պատասխանեց․ «2007-ին՝ չեմ բացառում, բայց դրանից հետո որևէ կապ չեմ ունեցել ՀՀԿ-ի հետ»։ Նարեկ Մանթաշյանը նշել էր՝ Պապոյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում չի ներկայացրել, նրան կուսակցությունից հեռացրել են վերջինիս պատգամավոր դառնալուց հետո։ Հարցին՝ կուսակցությունից դուրս գալու համար դիմում գրե՞լ եք, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ «12 տարի առաջ էր, հստակ չեմ հիշում՝ ես դիմում գրել եմ, թե ոչ, բայց ես հայտարարել եմ՝ դուրս եմ գալիս ՀՀԿ-ից։ Չեմ հիշում՝ միգուցե, դիմում էլ եմ գրել, բայց հստակ հիշում եմ՝ այդ մասին հայտարարել եմ ու դրանից հետո որևէ կապ չեմ ունեցել իրենց հետ»։ Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պապոյանը հայտնել էր, որ եղել է «ֆիկտիվ» ՀՀԿ-ական։ Քիչ առաջ պատգամավորը նաեւ գրառում էր կատարել, որը եւս ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Հասկանում եմ, ԱԺ-ում որ իմ գործունեությունը ՀՀԿ-ական որոշ շրջանակների դրել է ծանր դրության մեջ և դա է պատճառը, որ իրենց լրատվամիջոցներով ակտիվ պայքար են սկսել իմ անձի դեմ, սակայն դա որևէ կերպ չի կանգնեցնելու ինձ՝ ՀՀԿ-ի ապազգային կերպարը բացահայտելուն ուղղված իմ աշխատանքներում: Կրկնում եմ, որ ՀՀԿ-ին անդամակցել եմ սրանից դեռևս 13 տարի առաջ և արդեն 12 տարի է որևէ ուղղակի կապ չունեմ այդ կուսակցության հետ, չեմ զբաղվել որևէ գործունեությամբ, որը այդ կուսակցության հետ կապ ունի: Մնացած պատմությունները, որոնք շրջանառվում են մամուլում հերքում եմ»,- գրել է նա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր