ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Դատական գործերի փաստաթղթերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների համակարգի ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագիրը:
Ծրագրի շրջանակում ստեղծվել է E-court համակարգը: Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել էլեկտրոնային դատարանների, այդ թվում` էլեկտրոնային հայցերի ներկայացման համակարգ, որը կապահովի առցանց հաղորդակցություն դատարանների և դատարանից օգտվողների միջև, կբարելավվի դատական գործերի նյութերին և դատական տեղեկատվությանն առավել լայն հանրային հասանելիությունը, կնպաստի դատավարական գործընթացների հեշտացմանը, արագացմանը և ծախսերի նվազեցմանը:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ծրագրում դեռևս բացեր կան, սակայն իրենք արագ քայլերով աշխատում են այդ բացերի ուղղությամբ:
«Այս ծրագիրն արդարադատությունը դարձնելու է շատ կանխատեսելի, շատ էժան և արագ: Մենք պետք է աշխատենք այս համակարգվածությունը դարձնել համընդհանուր մատչելի բոլորի համար, ինչն էլ կմեծացնի իրավունքների պաշտպանվածությունը ՀՀ-ում»,- նշեց Զեյնալյանը: Նրա խոսքով` բազմաթիվ դատավորներ արդեն իսկ էլեկտրոնային արդարադատության ջատագովներ են: «Այս ծրագրի շնորհիվ դատարանները բեռնաթափվելու են, նոտարներին վերապատվիրակելու են բազմաթիվ հարցեր լուծելու լիազորություններ»,- շեշտեց Արդարադատության նախարարը:
Ներկա փուլում նախատեսվում է հայցերի համակարգը ներդնել մեկ դատարանում` «Վճարման կարգադրություն» տեսակի գործերի մասով: Թեստավորման արդյունքների հիման վրա համակարգը կբարելավվի և աստիճանաբար կներդրվի բոլոր դատարաններում` քաղաքացիական բոլոր վարույթներով: E-court համակարգը զգալիորեն կբարձրացնի քաղաքացիների դատական տեղեկատվության մատչելիության մակարդակը, դատարանների հաշվետվողականությունը, դատական կանխատեսելիությունը, դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահության բարձրացումը: