00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Nissan-ը. «յաշիկը» տապալել է լուսակիրն ու կողաշրջվել

03:34, 30 ապրիլ 2019 Պատահարներ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան –Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արայիկ Սարգսյանն ու Վահան Վահանյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Արմեն Սարգսյանը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր