00:00:00

Անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում․ Օսիպյան

01:27, 30 ապրիլ 2019

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ապրիլի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարներ և հանցավորության դեմ պայքարում աչքի ընկած ծառայողներ։ Ոստիկանության պետը նախ վերլուծել է հանրապետության օպերատիվ իրավիճակը, առանձնահատուկ անդրադարձել է մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին։ Այս համատեքստում Վալերիյ Օսիպյանը ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին։ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև հանցագործությունների բացահայտման համար լրացուցիչ պարգևավճարների նոր որդեգրված քաղաքականությանը՝ շեշտելով, որ սա եզակի և աննախադեպ մոտեցում է։ «Մենք պատրաստ ենք առանց սահմանափակման լրացուցիչ պարգևավճարներ հանձնել ծանր, առանձնապես ծանր, ինչպես և հասարակական հնչողություն ստացած հանցագործությունները բացահայտած ծառայողներին»,- նշեց Վալերիյ Օսիպյանը։ Ոստիկանության պետը փաստել է, որ հանցագործություններ բացահայտող ոստիկանները, բացի իրենց հասանելիք աշխատավարձից, մշտապես կպարգևատրվեն լրացուցիչ խոշոր գումարներով, որոնք որոշ դեպքերում մի քանի անգամ գերազանցում են աշխատավարձի չափը, ուստի այս իրավիճակում առնվազն անընդունելի, անհասկանալի և անհանդուրժելի է ոստիկանի կողմից հակաօրինական ճանապարհներով գումար ձեռք բերելու ցանկացած դրսևորում։ Խորհրդակցության ավարտին ծանր, առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած, ինչպես և կյանքեր փրկած ոստիկանները արժանացան դրամական պարգևների, որոնք հանդիսավորապես հանձնվեցին նրանց։ Ծրարներում թղթեր են, որոնց վրա նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևավճարի չափը։ Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին։ Նրանց թվում կային մի քանի հարյուր հազար դրամ պարգևի արժանացած ոստիկաններ։ Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց ու շնորհակալություն հայտնեց բոլորին սրտացավ աշխատանքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր