00:00:00

Հայկ Այվազյանի պատասխանը Էդուարդ Աղաջանյանին

21:46, 29 ապրիլ 2019 Բլոգ

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանը պատասխանել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին․ «Իմ՝ պետական կառավարման համակարգում աշխատանքի 9,5 տարիների ընթացքում գործելաոճը եղել է․ 1․ Լավագույն Հայաստանի կերտման տենչանքը, 2․ Օրինականությունը,
3․ Կոռուպցիայի դեմ պայքարը, 4․ Պահանջատիրությունը, 5․ Պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվությունը։ Այո՛, միգուցե պարոն աշխղեկին չի համապատասխանել սրանցից և ոչ մեկը։ Քանի որ քաղաքացու օրվան նվիրված միջոցառմանը վերոնշյալ պաշտոնյան խոսեց իմ մասին և հնչեցրեց գնահատականներ, անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ դրան։ Եվ այսպես, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնողի պաշտոնական մեկնաբանության մեջ հնչած մտքերը հետևյալն էին՝ 1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ, 2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին, 3․ մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին, 4․ եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը, 5․ աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը։ Հիմա՝ ըստ հերթականության՝ 1․ Հայկ Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից ՀՀ վարչապետի կամայական որոշմամբ․ Կամայականությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում, անգամ վարչապետի կողմից (վստահ եմ, վարչապետն էլ դեմ է կամայականությունների դրսևորմանը)։ Իմ գնահատմամբ, որոշումը հրամցված է եղել վարչապետին և հանդիսացել է իրավիճակի ոչ ազնիվ և միակողմանի ներկայացման արդյունք։ 2․ Հայկ Այվազյանի գործելաոճը չի բավարարել վարչապետին․ Բացարձակ սուտ․ մինչ ազատման պահը մեկ անգամ եմ քննարկում ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, շատ կարճ ներկայացրել 9 տարի տևած տեսչական բարեփոխումների ընթացքում կատարված աշխատանքները, դրանց արդյունքները և մեր անելիքները։ Հստակեցրել եմ մեր կողմից մշակվող քաղաքականությունների ուղղությունները և միանշանակ աջակցություն ստացել վարչապետից։ 3․ Մեր գործելաոճի տրամաբանությունը չի համապատասխանել պարոն Այվազյանի գործելաոճին․ Այստեղ անկյունաքարային է «մեր» արտահայտությունը։ Հուսով եմ՝ պաշտոնյան ի նկատի չի ունեցել ամբողջ պետական կառավարման համակարգը կամ իշխող քաղաքական էլիտան․ նա նման լիազորութուններ չունի։ Իսկ ինչ վերաբերում է աշխատակազմի գործելաոճին, չեմ ժխտում, անգործունակությունն ու խառնակչության գործելակերպը մերժում եմ ամբողջ էությամբ։ 4․ Եթե գոհ լինեինք պարոն Այվազյանի գործունեությունից, նա կզբաղեցներ իր պաշտոնը․ Այս մեկնաբանությունն առհասարակ համարում եմ ոչ պրոֆեսիոնալ և օրինականության շրջանակներից դուրս։ Կառաջարկեմ մասնավորեցնել «դժգոհների» շրջանակը, ինչպես նաև պատճառների ուղղությունները, որպեսզի պատշաճ ուշադրության արժանացնեմ հայտարարության այդ հատվածը։ 5․ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականն է նաև պատճառ դարձել Հայկ Այվազյանի պաշտոնանկությանը․ Սա ամենահետաքրքիր մասն է։ Դեռ որ կսահմանափակվեմ շատ կարճ մեկնաբանությամբ․ տվյալ պաշտոնյայի կողմից իջեցված հանձնարարականը համարում եմ պաշտոնեական դիրքի չարաշահում կամ առնվազն ոչ պրոֆեսիոնալ վարքագիծ և կառաջարկեմ հրապարակայնացնել թե՛ հանձնարարականը, և թե՛ դրա պատասխանը։ Ասելիք շատ կա, սակայն այս պահին անհրաժեշտ եմ համարում սահմանափակվել այսքանով։ Շնորհակալություն։ Հարգանքով՝ Հայկ Այվազյան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր