«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում ծանր տեխնիկայով եւ, առհասարակ, որեւէ տեսակի աշխատանքները դադարեցված են։ Ամբերդն ազգային հարստություն է, եւ նմանօրինակ գործողություններն անթույլատրելի են։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, այս մասին ասել է Կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը Ամբերդի հարակից տարածքում շինաշխատանքներ իրականացնող Սիրակ եւ Մանուկ Մանուկյանների հետ հանդիպման ընթացքում:
Հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Զբոսաշրջային զարգացման նպատակ հետապնդող ցանկացած նախաձեռնություն այս տարածքում պետք է արվի ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հավանությանն արժանացած նախագծի հիման վրա, երբ արդեն իսկ առկա կլինեն հնագիտական եզրակացությունները: Այստեղ անհրաժեշտության դեպքում կկատարվեն հնագիտական պեղումներ: Տարածքի սեփականատերեր Սիրակ եւ Մանուկ Մանուկյաններն ընդունել են իրենց բաժին մեղավորությունը, եւ խնդրել միասին քննարկումների ու մասնագետների աջակցությամբ իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրել:
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքում եւ դիտման գոտում որեւէ միջամտություն հարկավոր է անել չափազանց զգուշավորությամբ եւ համայնապատկերին համահունչ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը նշել է, որ նմանօրինակ դեպքերը բացառվելու են, լինելով անձամբ իր եւ պատասխանատու մյուս կառույցների ուշադրության ներքո»: