00:00:00

Եկել ենք տեսնելու այն քայլերը, որոնք իրականացվում են նոր Հայաստանում. Մարեկ Բենդան՝ Արարատ Միրզոյանին

18:32, 29 ապրիլ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 29-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ այցի հագեցած ծրագիրը չեխ գործընկերներին հնարավորության կտա ծանոթանալու այն իրողություններին ու զարգացումներին, որոնք առկա են նոր Հայաստանում: Նա բարձր է գնահատել երկու խորհրդարանների միջեւ ձեւավորված կապերը` նշելով, որ թե՛ այս այցը, թե՛ ՀՀ ԱԺ-ում վերջերս ձեւավորված պատգամավորական բարեկամական խումբը նոր խթան կհանդիսանան հետագա փոխգործակցության համար։ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար` ընդգծելով, որ մեր երկիրը չափազանց կարեւորում է այն ու դրա ամբողջական իրականացման ուղղությամբ ակնկալում ակտիվ համագործակցություն: Խորհրդարանի ղեկավարը խորհրդանշական է համարել, որ չեխ պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությունը Հայաստան է այցելել այն օրերին, երբ ոգեկոչվում է 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրակացված հայերի Ցեղասպանության նահատակների հիշատակը: Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատին, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` հիշատակելով այն ի թիվս մարդկության դեմ գործած հանցագործությունների: «Հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու սկզբունքին»,-նշել է Արարատ Միրզոյանը` հավելելով, որ մեր իշխանությունները միջազգային հանրությունից ակնկալում են հավասարակշռված դիրքորոշում եւ սատարում` Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: «Մենք եկել ենք տեսնելու այն քայլերը եւ ծանոթանալու այն ծրագրերին, որոնք իրականացվում են նոր Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո»,-նշել է Մարեկ Բենդան, ով նաեւ Չեխիայի խորհրդարանի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն է: Նա ներկայացրել է այն միջոցառումները, որոնք Չեխիայում անցկացվել են Հայոց ցեղասպանության 104-ամյակի կապակցությամբ, որին մասնակցել են ու ելույթներ ունեցել նաեւ չեխ պատգամավորները: «Մենք շնորհակալ ենք հայերից, որ հիշում են իրենց անցյալը եւ ոգեկոչում նախնիների հիշատակը»,- ասել է Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը: «Բոլոր հակամարտությունները, այդ թվում ԼՂ հիմնահարցը, պետք է հանգուցալուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Չեխիան սատարում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին»,-հավաստիացրել է Մարեկ Բենդան: Սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահը ներկայացրել է այն բարեփոխումները, որոնք իրականացվել են իր երկրում հետհեղափոխական շրջանում` ընդգծելով, որ յուրաքանչյուր պետություն ունի այդ ճանապարհն անցնելու իր յուրահատկությունները: Նա հույս է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի ոչ միայն միասնական, այլեւ երկկողմ համագործակցության ձեւաչափում: Հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահն անդրադարձել է այն առաջնահերթություններին, որոնք ուղղված են տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին. ժողովրդավարության ամրապնդում, համակարգված եւ հետեւողական պայքար կոռուպցիայի դեմ, տնտեսության զարգացմանն ու դատական համակարգի առողջացմանն ու անկախացմանը միտված քայլեր: Կողմերն անդրադարձել են նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացման առկա ներուժին, մասնավորապես` առեւտրատնտեսական համագործակցությանը: Արարատ Միրզոյանը վերահաստատել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի` Հայաստան այցելելու հրավերը` ընդգծելով, որ խորհրդարանական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ դերակատարություն ունի երկու երկրների միջեւ կապերի հետագա խորացման ու ընդլայնման գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր