00:00:00

Կրիմինալի և քաղաքականության սերտաճումը․ Մոսկվան՝ վերջին հանգրվան

17:55, 29 ապրիլ 2019

Նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի դեմ հարուցվեցին քրեական գործեր, առաջադրվեցին ծանրագույն մեղադրանքներ։ Այսօր գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն ուղարկվեց դատարան: Մյուսներն էլ՝ Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովն ու Արմեն Գեւորգյանն են։ Հասարակական ու քաղաքական լայն հնչեղություն ունեցող այս գործը ըստ էության մտնում է հաջորդ փուլ, որի հետագա ընթացքը եւս պակաս հնչեղություն չի ունենա։ Հեղափոխությունից հետո որոշ պաշտոնյաների նկատմամբ նաեւ հետախուզում հայտարարվեց։ Միքայել Հարությունյան։ Վերջինս մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ։ Հարությունյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ Վահագն Հարությունյան։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ապացույցներ կեղծելու մեղադրանք է առաջադրվել  Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Վերջինս եւս հետախուզման մեջ է։ Արամ Հարությունյան։ Բնապահպանության նախկին նախարարին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Կարեն Գրիգորյան։ Կալանքի տակ գտնվող ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին եւս հետախուզման մեջ է։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի արժողությամբ գույքի յուրացման համար։ Միհրան Պողոսյան։ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ օրեր առաջ հայտնաբերվել եւ կալանավորվել էր ՌԴ-ում։ Նրա նկատմամբ եւս հետախուզում էր հայտարարված։ Լեւոն Սարգսյան։ Սերժ Սարգսյանի եղբայրը մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել էր այն ժամանակ, երբ դեռ իրեն մեղադրանք առաջադրված չէր։ Նարեկ Սարգսյան։ Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով։ Ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվող 7 հայտնի անձանցից հայ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել երկուսին, որոնց արտահանձման գործընթացը դեռևս կատարման փուլում է և պարբերաբար հարցականի տակ է դրվում, թե արդյոք կհաջողվի՞ այն ավարտին հասցնել, թե՝ ոչ։  Խնդիրն այն է, որ Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է համարվում նաեւ Միքայել Հարությունյանը։ Ինչ վերաբերում է Նարեկ Սարգսյանին, ապա այստեղ եւս որոշակի խնդիրներ կան։ Սարգսյանը, ով հայտնաբերվել է Գոնսալես անունով, մամուլի հրապարակումների համաձայն կարտահանձնվի մեկ պարագայում, եթե ՀՀ-ը Չեխիային հանձնի օրենքով գող Զապին։ Կրիմինալի եւ քաղաքականության սերտաճումը հին Հայաստանում խորը արմատներ է ունեցել, որոնք նորերը մեծ ցանկության դեպքում արմատախիլ անել չեն կարող։ Իսկ Հայաստանի ռազմավարական դաշնակից ու գործընկեր Մոսկվան շարունակում է դառնալ հայ կրիմինալի վերջին հանգրվանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր