00:00:00

Երևանում երկու եղբայրները մկնդեղ էին տվել հարևանին, ապա մետաղե ձողով սպանել էին՝ ունեցվածքին տիրանալու համար․ 1993 թ. ինչպես եղել է

14:22, 29 ապրիլ 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Սարգսյան եղբայրներն առաջին անգամ իրար հետ հանցանք էին գործել 1987 թվին՝ մտել էին ուրիշի բնակարան ու գողություն էին կատարել: Այդ ժամանակ ավագ եղբոր՝ Կարենի 18-ը նոր էր լրացել, իսկ կրտսերը՝ Արենը, դեռ 15 տարեկան էր: Գողությունը արագ բացահայտվել էր, կրտսեր եղբայրը դատապարտվել էր 2 տարի ազատազրկման, պատժի կատարումը հետաձգվել էր: Ավագ եղբայրը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման: Պատիժից ազատվել էր վաղակետ և 1989 թվականին նորից գողություն էր կատարել ու դատապարտվել 4 տարի ազատազրկման: Այս պատիժն էլ ամբողջությամբ չէր կրել, վերադարձել էր ազատություն, որտեղ կրտսեր եղբայրը՝ Արենը, որ արդեն 20 տարեկան էր, 1992 թվին զորակոչվել էր բանակ: Արենին գործուղել էին Թբիլիսի՝ սերժանտական կադրերի պատրաստման երեքամսյա դասընթացներում սովորելու, բայց նա ինքնակամ լքել էր դասընթացներն ու վերադարձել էր տուն, որտեղ արդեն գտնվում էր ազատություն դուրս եկած ավագ եղբայրը: 1993 թվականի հունվարի 13-ին զինկոմիսարիատի աշխատողները հայտնաբերել էին Արենին, տարել էին հավաքակայան՝ ծառայության ուղարկելու, բայց նա հավաքակայանից փախել ու նորից վերադարձել էր տուն: Ավագ եղբոր հետ մի «գործ» էին ծրագրել, Արենը ցանկանում էր ավարտին հասցնել այդ ծրագիրը… Սարգսյան եղբայրները մի հարևան ունեին՝ 60-ամյա տղամարդը կնոջ մահից հետո տեղափոխվել էր աղջկա տուն, բայց չէր հարմարվել, վերադարձել էր իր տուն և մենակ էր ապրում: Նա թանկարժեք մեքենա ուներ, այդ մեքենան էր, որ աչքադրել էր Արենը և ավագ եղբորն առաջարկել էր գողանալ այն, վաճառել, «մի կարգին քեֆ քաշել»: Ավագ եղբայրն այս առաջարկը «խելքին մոտ» էր համարել: Եղբայրները սկսել էին հաճախակի այցելել մենակ ապրող տղամարդուն, որը դեմ չէր հարևան տղաների հետ մի-մի թաս օղի խմելուն և ջահելների հետ ասել-խոսելով մենակության ժամերը կարճելուն: Տղամարդու մտքով չէր էլ անցնում՝ ինչ էին մտմտում «առատաձեռն» տղաները, երբ իր հետ բաժակ բաժակի էին խփում: Իսկ Արենն ու Կարենը հարևանի մեքենան և տանը եղած արժեքավոր գույքը հափշտակելիս դիմադրության չհանդիպելու, «ավելորդ բարդություններից» խուսափելու համար որոշել էին… թունավորելով սպանել նրան… Որպես թույն՝ ընտրել էին մկնդեղը: Հերթական այցելության ժամանակ մկնդեղը լցրել էին հարևանի բաժակի մեջ: Առաջարկել էին խմել, ընկերության կենացը ու ասել էին, թե մինչև վերջին կաթիլը պիտի դատարկեն բաժակները… Հետո ջերմորեն հրաժեշտ էին տվել հարևանին ու տուն էին գնացել, որպեսզի ավելի ուշ վերադառնան, երբ թույնն իր «գործն» արած կլիներ: Բայց եղբայրների սպասումները չէին արդարացել՝ հարևանը մկնդեղից չէր մահացել, ամբողջ գիշեր տանջվել էր սրտխառնոցից, գլխապտույտից ու այրոցի զգացումից: Առավոտյան կանչել էր դստերը: Վերջինս, տեսնելով չհավաքված սեղանն ու օղու շիշը, զայրացել էր հոր վրա. «Հաստատ արաղից ես թունավորվել, եսիմ ի՞նչ զիբիլ եք խմել»: Մի քանի օր անց՝ 1993 թվականի հունվարի 29-ին, Արենն ու Կարենը երեկոյան դարձյալ հարևանի տանն էին: Վերջինս արագ բացել էր սեղանը, տղաները սեղանին էին դրել օղու շիշը, հարևանը կատակել էր՝ բա չիմացա՞ք, քիչ էր մնում մեռնեի… Այս անգամ եղբայրները իրենց հետ մկնդեղ չէին վերցրել, այլ՝ մետաղե ձող, որը Արենը թաքցրել էր բաճկոնի տակ: Օղու առաջին բաժակը դատարկելուց հետո Արենն արագ հանել էր մետաղե ձողն ու ամբողջ ուժով խփել էր անակնկալի եկած հարևանի գլխին, գետնին էր տապալել նրան: Հաջորդ հարվածները հասցրել էր ավագ եղբայրը՝ Կարենը: Խփել էր այնքան, մինչև տղամարդը անշնչացել էր… Եղբայրները սպանվածի բնակարանից շատ բան չէին գտել, վերցրել էին այն, ինչ ձեռքներն էր ընկել՝ 250 ռուբլի, ձեռքի «Պոլյոտ» ժամացույց, չորս տուփ սայր՝ «Սպուտնիկ» տեսակի, մեկ էլեկտրական զոդիչ սարք: Այս գողոնը հետագայում հայտնաբերվել էր տղաների բնակարանի խուզարկությամբ: Գողոնի կողքին՝ տոպրակի մեջ, հայտնաբերվել էր նաև մկնդեղը, որով սկզբում փորձել էին սպանել հարևանին: Եղբայրների գլխավոր ավարը սպանվածի մեքենան էր, որը ամբողջ օրը քշել ու զվարճացել էին, իսկ երեկոյան մեքենան տարել-առաջարկել էին իրենց ազգականին՝ իմանալով, որ նա ցանկանում է մեքենա գնել: Ասել էին, թե գողացված մեքենա է, բայց «ռոզիսկի տակ» չէ, կարելի է հանգիստ գնել ու քշել…Մեքենայի համար պահանջել էին 300 հազար ռուբլի: Ազգականը հավանել էր մեքենան, բայց պահանջված գումարը չուներ, առաջարկել էր մեքենան թողնել իր մոտ, ինքը առավոտյան կմեկնի զոքանչի տուն՝ պարտքով գումար վերցնելու: Առավոտյան մարդը հանգիստ նստել էր «ռոզիսկի տակ չգտնվող» մեքենան և ուղևորվել էր զոքանչի տուն, բայց ճանապարհին նրան բռնել ու բերման էին ենթարկել ՊԱՏ ծառայողները, քանի որ մեքենատիրոջ դիակը արդեն հայտնաբերվել էր, և հայտնի էր, որ նրա մեքենան հափշտակվել է… Սարգսյան եղբայրները բռնվել էին երկու օր անց՝ 1993 թվականի փետրվարի 2-ին: Խոստովանել էին կատարածը՝ ներկայացնելով, թե հարևանը սեղանի շուրջ հայհոյել էր, իրենք զայրացել էին, չէին կարողացել տիրապետել իրենց… Եղբայրները խնդրել էին մեղմ պատժել իրենց, կրտսերը սպանության պատասխանատվությունը վերցրել էր իր վրա՝ ցանկանալով ավագ եղբորը ազատել այդ ծանր հոդվածով պատժվելուց … Դատարանը երկու եղբորն էլ մեղավոր էր ճանաչել շահադիտական դրդումներով սպանության համար: Կրտսեր եղբայրը՝ Արենը, դատապարտվել էր 14 տարի ազատազրկման, որը կրելու էր ուժեղացված ռեժիմի պայմաններում: Ավագ եղբայրը՝ Կարենը, դատապարտվել էր 13 տարի ազատազրկման, որը կրելու էր խիստ ռեժիմի պայմաններում…

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր