00:00:00

Ապրիլի 1-ից կգործարկվի ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգ

22:31, 20 մարտ 2018 Տնտեսություն

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, 2018թ. ապրիլի 1-ից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները կարող են ապրանքների հայտարարագրերի գրանցումն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգի միջոցով: Նոր գործընթացի ներդրմանն ընդառաջ, մարտի 20-ին մեկնարկել է էլեկտրոնային հայտարարագրման փորձնական ծրագիր՝ գործնականում թեստավորելու և ի հայտ եկած խնդիրները շտկելու նպատակով: Էլեկտրոնային հայտարարագիրը՝ էլեկտրոնային եղանակով ներկայացվող, էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված մաքսային հայտարարագիրն է: Էլեկտրոնային հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերը հայտարարատուն հնարավորություն ունի իր էլեկտրոնային արխիվից ներբեռնել և կցել հայտարարագրին: Բացի այդ, հայտարարատուին հնարավորություն է տրված, մաքսային վճարների համապատասխան հաշիվների վրա առկա դրական մնացորդից ինքնուրույնաբար մարելու էլեկտրոնային հայտարարագրի հիման վրա կատարման ենթակա վճարման պարտավորությունները: Արդյունքում՝ ռիսկերի կառավարման համակարգի կողմից «կանաչ ուղու» ընտրության, այսինքն՝ առանձնահատուկ հսկողության ենթակա ռիսկեր չհայտնաբերվելու դեպքում, հայտարարագրման գործընթացն իրականացվում է առանց մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտության: Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները: Փորձնական ծրագրի շրջանակում, մարտի 20-ին, արդեն իսկ Արարատյան մաքսատուն-վարչությունում էլեկտրոնային եղանակով ներկայացվել և գրանցվել է ապրանքի երկու հայտարարագիր, որոնց համար ընտրվել է «կանաչ ուղի» բացթողնման ընթացակարգ: Երկու դեպքում էլ մինչև ապրանքների բացթողումը մաքսային բոլոր գործառնությունները (հայտարարագրի լրացում, ներկայացում, գրանցում, գնահատում, վճարում) կատարվել են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության՝ հայտարարատուի և ավտոմատ հայտարարագրման համակարգի փոխներգործությամբ: Արդյունքում՝ թղթային հայտարարագրման համեմատ՝ էլեկտրոնային տարբերակով արձանագրվել է մաքսային գործառնությունների իրականացման ժամանակահատվածի էական արագացում. հայտարարագրերի ներկայացումից մինչև ապրանքների բացթողումն ընկած ժամանակահատվածը կազմել է մի դեպքում՝ 56 րոպե, մյուս դեպքում՝ 1 ժամ 40 րոպե, ինչը համապատասխանում է հայտարարագրի գրանցումից հետո 4 աշխատանքային ժամվա ընթացքում բացթողումն ավարտելու ընդհանուր կանոնին: Էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ապրանքների հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ վավեր նույնականացման քարտ, նույնականացման քարտի տվյալները ընթերցող համապատասխան էլեկտրոնային սարք և ակտիվացված էլեկտրոնային ստորագություն: Էլեկտրոնային հարթակից օգտվել կարողանալու համար մարտի 21-ից հայտարարատուների և մաքսային միջնորդների համար կազմակերպվում են դասընթացներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր