00:00:00

Կոռուպցիայի դեմ ատելությունը ոստիկանների մեջ պետք է սերմանենք հենց կրթահամալիր մտնելու առաջին օրվանից․ Բաբայան

21:01, 18 ապրիլ 2019

Irakanum.am-ի զրուցակիցն է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության    գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը։ - Պարո՛ն Բաբայան, ի՞նչ կրթական ծրագրեր են իրականացվում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում: ՀՀ ոստիկանության կրթահամալիրն իրականացնում է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բակալավրի և մագիստրոսի, հետբուհական (ասպիրանտուրա) և լրացուցիչ կրթական ծրագրեր: -ՀՀ ոստիկանության կրթահամալիրը՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, ի՞նչ առավելություններ ունի այլ բուհերի նկատմամբ: -Բակալավրի, մագիստրոսի և հետբուհական կրթական ծրագրերով մենք ապահովում ենք իրավաբանական կրթություն, որը մեր շրջանավարտներին հետագայում մեծ հնարավորություն է տալիս իրավապահ ոլորտի աշխատաշուկայում մրցունակ լինելու: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ մեր բուհի սովորողները  ձեռք են բերում մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների մեծ պաշար: Մեր բուհում դասավանդում են պրակտիկ և հարուստ փորձ ունեցող մասնագետներ,  իրավապահ մարմինների փորձառու, երկարամյա աշխատակիցներ: Բացի այդ, ՀՀ ոստիկանությունը պարտադիր աշխատանքով է ապահովում պետպատվերով սովորած շրջանավարտներին: Կրթահամալիրի  սովորողներն ստանում են նվազագույն աշխատավարձի չափով դրամական բավարարում  և սովորելու առաջին իսկ օրվանից օգտվում են ոստիկանության ծառայողների համար սահմանված սոցիալական և իրավական երաշխիքներից: Ավելացնեմ նաև, որ որպես ռազմական ուսումնական հաստատություն՝ բուհն իր սաներին դաստիարակում է բացառիկ հայրենանվիրության, կազմակերպվածության, կարգապահության և արժանապատիվ կեցվածքի ոգով: -Մոտ  մեկ տարի է, ինչ դուք նշանակվել եք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ: Ի՞նչ զարգացում է ապրել կրթահամալիրն այդ ընթացքում: -Կրթահամալիրի պետ նշանակվելու օրվանից մեր կրթական հաստատությունը ողջ անձնակազմով ձեռնամուխ եղավ կրթահամալիրի՝ որպես բարձրագույն ուսումնական հաստատության մրցունակության բարձրացմանը ՀՀ բուհական միջավայրում և միջազգային կրթական հարթակներում կրթահամալիրը ճանաչելի դարձնելու գործընթացին: Այդ նպատակի իրականացման համար պաշտոնապես դիմեցինք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ պետական հավատարմագրման և համապատասխան հավաստագիր ստանալու համար: Այն մեզ հնարավորություն կտա ինտեգրվել եվրոպական կրթական տարածքին և հավասար պայմաններով կրթական գործընթաց իրականացնել մեր գործընկեր բուհերի հետ, ճանաչելի դարձնել ուսուցանվող մասնագիտություններն ու շնորհվող որակավորումները: Կրթահամալիրի գիտական պարբերականը՝ «Օրենքի պատվար» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, ՀՀ ԲՈԿԻ կողմից ճանաչվեց որպես գիտական ատենախոսությունների համար ընդունելի պարբերական: Կարծում եմ՝ սա ևս մեծ նվաճում էր մեր գիտնականների համար: - Ի՞նչ առարկայական ձեռքբերում կնշեք կրթահամալիրի միջազգային կապերի ընդլայնման ոլորտում: - Վերջերս Պեկինում  տեղի ունեցան Չինաստանի ազգային ոստիկանության համալսարանի 70-ամյակին նվիրված տոնակատարությունները, ինչպես նաև դրա շրջանակներում կազմակերպված «Հավաքական անվտանգության կառավարման ընդլայնում և ոստիկանության կրթության բնագավառում համագործակցության խթանում» խորագրով 10-րդ ոստիկանական միջազգային ֆորումը: Միջազգային այս հեղինակավոր միջոցառմանը մասնակցելու նպատակով մեկտեղվել էին Եվրոպայի և Ասիայի երեսունից ավելի երկրների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մի շարք ոստիկանական առաջատար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Չինական կողմի հրավերով ֆորումին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, որտեղ ես ելույթ ունեցա «Ոստիկանության կադրերի պատրաստման բնագավառում միջազգային համագործակցության ակտիվացումը որպես համաշխարհային անվտանգության ապահովման կարևորագույն տարր» զեկույցով: Նախանշված ծրագրերի համաձայն` միջազգայնացման գործընթացների շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրը դարձավ շուրջ երեսուն երկրների ոստիկանական ուսումնական հաստատություններ միավորող «Ոստիկանական կրթական համագործակցության միջազգային ֆորումի» կառավարման խորհրդի անդամ, որի շրջանակներում ստորագրվեց համագործակցության հայտարարագիր: Բացի այդ, 2018թ. նոյեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հյուրընկալեց Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիայի (ԵՈՔԱ) յոթ հաստատությունների ներկայացուցիչների Ավստրիայից, Նորվեգիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռումինիայից, Վրաստանից և Ուկրաինայից: Անդամակցելով Եվրոպական ոստիկանական քոլեջների ասոցիացիային` մենք առավել ամրապնդեցինք և հստակեցրինք մեր անելիքները միջազգային ոստիկանական կրթության բնագավառում: Այժմ մեր և անդամ մյուս երկրների համար երկուստեք հնարավորություն է ստեղծված կրթվելու, վերապատրաստվելու և փոխանակելու մեր և այլոց փորձը ոստիկանության կրթության շրջանակներում: -Ձեր կարծիքով՝ ինչ չափանիշներ են պետք որակյալ կրթություն ապահովելու   համար: -Արդարամիտ ոստիկաններ կրթելու համար մեր օրինակով պետք է ցույց տանք արդար վարվելու, արդար գնահատելու, արդար գործելու անհրաժեշտությունը: Մենք հոգեբանորեն կփչացնենք ապագա ոստիկանին, եթե ինքն անձամբ կրթահամալիրում բախվի անարդարության կամ նման իրավիճակների ականատես լինի: Անվիճելի է, որ ամենաարդար, ամենաանկաշառ և պրոֆեսիոնալ ոստիկանի, շրջանավարտի պարագայում կրթահամալիրի կատարած աշխատանքները և շրջանավարտի որակները պետք է գնահատել զրո, եթե ոստիկանը հայրենասեր չէ: Մենք մեր սովորողների մեջ ոչ թե սերմանելու ենք հայրենասիրություն, այլ օգնելու ենք, որպեսզի իրենք ճանաչեն իրենց, իսկ որ բոլորիս մեջ գենետիկորեն հայրենասեր հայի արյուն է հոսում, փաստ է: Մեր յուրաքանչյուր քայլով պետք է ամրապնդենք սերը հայրենիքի, ընտանիքի, ծնողի, երեխայի, ինչպես և վերջին ամիսներին հասարակության ձեռքբերումների, ազատ խոսքի, ժողովրդի իշխանության նկատմամբ: Որակյալ կրթությունն ապահովելու նպատակով խնդրում և պահանջում եմ թարմացնել առարկայական նկարագրերը,դասախոսությունները և ամեն օր աշխատել մասնագիտական գիտելիքների խորացման, պրակտիկ փորձի ուսումնասիրության վրա:  Մտադիր եմ ուսումնական գործընթացին առավելագույնս ներգրավել փորձառու և պրակտիկ աշխատողներին, ինքս էլ պատրաստ եմ իմ փորձը ներդնել: -Ձեր կարծիքով՝ որո՞նք են կրթահամալիրի ներկայիս առաջնահերթությունները: - Մենք հայտարարում ենք ուսումնական և գիտական աշխատանքները որպես  կրթահամալիրի առաջնահերթություններ: Կրթահամալիրի շարժիչ ուժը դառնալու է դասախոսական, ուսումնական, ուսումնաօժանդակ, գիտամեթոդական անձնակազմը: Սա նաև նոր մարտահրավեր է դասախոսական կազմի համար, նոր պատասխանավություն է, քանի որ այսուհետ պահանջելու ենք առավել որակյալ ուսումնագիտական գործընթաց, ավելի խոր գիտելիքներ, չենք հանդուրժելու ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Կրթահամալիրում իրավիճակի տերը դառնալու են կրթությունն ու գիտությունը զարգացնողները, ինչպես և գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները: -Պարոն Բաբայան ի՞նչ դեր ունեն սովորողները բուհի կառավարման գործընթացում: -Կրթահամալիրի սովորողները ներկայացված են կառավարման բոլոր օղակներում՝ սկսած ֆակուլտետային խորհուրդներից, մինչև կրթահամալիրի խորհուրդ և գիտական խորհուրդ: Սովորողները, իմ պաշտոնավարման առաջին օրվանից սկսած, համարվում են կրթական գործընթացի կազմակերպման լիարժեք սուբյեկտ, և մեզ համար սովորողի կարծիքը չափազանց կարևոր է: Մենք որդեգրել ենք ուսանողակենտրոն քաղաքականություն, այսինքն՝ սովորողները պետք է ներկայացված լինեն բուհի կառավարման և որոշումների կայացման ցանկացած փուլում և հստակ գիտակցեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Մենք տարբեր գործիքակազմեր ենք մշակում սովորողի ձայնը լսելի դարձնելու, կարիքները բացահայտելու և լուծումներ տալու համար: Ուսանողի հետ պատրաստ եմ միշտ քննարկել ցանկացած նոր գաղափար: Ցանկացած որոշում կամ գործառույթ պետք է սովորողն արժևորի: Նրանք ոչ միայն խնդիրները բարձրաձայնողներն են, այլև առավել թարմ գաղափարներով, առաջարկություններով մեզ օժանդակողները: Մեծ է ուսանողական խորհրդի դերը կրթահամալիրում, քանի որ նրանք են ուսանողների կարողությունները գնահատող, խնդիրները բարձրաձայնող հիմնական օղակը և ուսանողների համար օրինակ ծառայողները: -Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է ժամանակի հրամայականը, և ցանկացած հաստատություն ուրույն մեխանիզմներ է մշակում այդ գործընթացն իրականացնելու համար: Ձեր բուհում կա՞ն նման մեխանիզմներ: -Պետք է լավ գիտակցել, որ եթե խնդիր ենք դնում պատրաստել ոստիկանության անկաշառ կադրեր, ապա կոռուպցիայի դեմ ատելությունը նրանց մեջ պետք է սերմանենք հենց կրթահամալիր մտնելու առաջին օրվանից: Բացի հանրապետությունում կիրառվող համընդհանուր նախազգուշական, կանխիչ և պատժողական մեխանիզմներից, կրթահամալիրում նախաձեռնվում և կիրառվում են տեղայնացված կոնկրետ միջոցառումներ: Այսպես օրինակ, մենք մշակել և ընդունել ենք կրթահամալիրի առանձնահատկությունները հաշվի առնող հակակոռուպցիոն ռազմավարություն:  Արդարամիտ ոստիկաններ կրթելու համար մեր օրինակով պետք է ցույց տանք արդար վարվելու, արդար գնահատելու, արդար գործելու անհրաժեշտությունը: Եվ մեր վերջին հարցը՝ ինչպիսի՞ աշխատանքներ եք ակնկալում իրականացնել կրթահամալիրի կրթության որակը շարունակաբար բարելավելու նպատակով: - Կարծում եմ՝ անհրաժեշտ է լիարժեք օգտվել կրթության որակի բարելավման համար ներկայումս ստեղծված բարենապաստ պայմաններից: Դրանք են՝ մի կողմից որակի բարելավման հարցում մեր պետության և, մասնավորապես, ՀՀ ոստիկանության ղեկավարության հրամայականն ու լիակատար աջակցությունը, մյուս կողմից էլ՝ առհասարակ ոստիկանության և ոստիկանական մասնագիտության նկատմամբ հանրության աննախադեպ վստահությունը: Առաջնային խնդիր եմ համարում կրթահամալիրի զարգացման ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացումը, որը մեզ կտանի մեր նախանշած առաքելության իրագործմանը և նպատակների իրացմանը: Շատ եմ կարևորում աշխատաշուկայի պահանջներին համապատասխանող կրթություն ապահովելու գրավականը: Մենք միշտ ուսումնասիրում ենք միջազգային փորձը և դրա հիման վրա պետք է կազմակերպենք որակյալ մասնագետներ կրթելու գործը: Շրջանավարտը պետք է հաստատապես համոզված լինի, որ բուհում ստացած կրթությունը բավարարում է ժամանակի աշխատաշուկայի պահանջներին և որպես մասնագետ՝ պահանջված է լինելու: Մենք ապահովելու ենք նաև մեր շրջանավարտների վերապատրաստուման ծրագրերի շարունակական համապատասխանեցումը ժամանակի պահանջներին: Մենք անում ենք առավելագույնը, որպեսզի բուհը դառնա ոստիկանական համակարգում բանիմաց և արհեստավարժ մասնագետներ կրթող դարբնոց: Կարծում եմ՝ սա այն կարևորագույն նախապայմաններից է, որոնցով մենք ծառայություն ենք մատուցում մեր հասարակությանը և հայրենիքին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր