00:00:00

Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը

01:08, 18 ապրիլ 2019

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների այցը, ինչպես նաև պատգամավորական բարեկամական խմբերի ակտիվ գործունեությունն իրենց նպաստը կունենան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: ԱԺ նախագահն ամերիկացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունները, դրանց հաջորդած տարբեր ոլորտներին առընչվող ընդգրկուն բարեփոխումները: «Արտահերթ ընտրությունները, որոնք անցկացվեցին հեղափոխության արդյունքում` ամենանախանձախնդիր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվեցին որպես ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավար», - նշել է Արարատ Միրզոյանը` ընդգծելով, որ զարգացման ժողովրդավարական ուղին, հաշվետվողականությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքների պաշտպանությանունն այլևս անշրջելի են: Ազգային ժողովի նախագահը հյուրերին ներկայացրել է այն առաջնահերթությունները, որոնք առկա են խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում, որոնց կյանքի կոչման համար Միրզոյանն ընդգծել է փորձի փոխանակման, փոխայցերի, միջխորհրդարանական գործակցության այլ ձևաչափերի դերը: Խորհրդարանի ղեկավարը կոնգրեսականներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի` բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում լուծելու Հայաստանի դիրքորոշումը: Նա կոնգրեսականների ուշադրությունը հրավիրել է ԱՄՆ կողմից ԼՂ-ին ցուցաբերվող ֆինանսական աջակցությանը, ինչպես նաև այն գործողություններին օժանդակմանը, որոնք կոչված են նպաստելու խաղաղ բանակցային գործընթացի առաջխաղացմանը: Պատվիրակության կազմում ընդգրկված կոնգրեսականները Ներկայացուցիչների պալատի ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի անդամներ են։ ԺԳՀ համանախագահ Դեյվիդ Փրայսը նշել է, որ իրենք հետևել են մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում են իրականացվող ժողովրդավարական ու բարեփոխումների գործընթացները: Նա իր գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք կներկայացվեն հայ գործընկերների կողմից: ԺԳՀ մյուս համանախագահը` Վերն Բուքանանը, նշել է, որ ներկայում ստեղծված են նպաստավոր պայմաններ երկկողմ հարաբերությունների առավել խորացման ու ընդլայնման համար: Նա արժևորել է ամերիկահայ համայնքի դերակատարությունը, ովքեր, նրա խոսքով, զգալի ներդրում ունեն ԱՄՆ կյանքի ամենատարբեր ոլորտներում: Կոնգրեսականն առանձնակի ընդգծել է տնտեսական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանգամանալի անդրադարձ է եղել միջխորհրդարանական համագործակցությանը, խորհրդարանական դիվանագիտությանը, ժողովրդավարական գործընթացներին, ընտրական համակարգին, տնտեսական բարեփոխումներին, ներդրումային քաղաքականությանը, փախստականների ու կանանց հիմնախնդիրներին և այլ ոլորտներին վերաբերող հարցերին: Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Մխիթար Հայրապետյանը, Բաբկեն Թունյանը, Մանե Թանդիլյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր