00:00:00

Արայիկ Հարությունյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

22:41, 17 ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոյին: Արայիկ  Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկա քայլերը կնպաստեն հայ-շվեյցարական կրթական  փոխգործակցության  նոր հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Ներկայացնելով կրթության համակարգում ընթացող բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության կողմից առաջնահերթություն հայտարարված  կրթության ոլորտը տնտեսական հեղափոխության իրականացման և հասարակական վերափոխումների կարևոր հիմնասյուներից է: Նախարարի խոսքով, կրթության ոլորտի առաջնահերթություն համարվող բնագիտական առարկաների արդյունավետության բարձրացումը նպաստելու է Հայաստանի կառավարության ծրագրով ամրագրված բարձր տեխնոլոգիաների ու «Հայտեք» կիբեռանվտանգության ոլորտի զարգացմանը: Հանդիպման ընթացքում, ԿԳ նախարարը նշել է նաև, որ գյուղատնտեսության զարգացմանը միտված ագրարային մասնագիտությունների արդիականացման նպատակով ներկայում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ինչպես բարձրագույն կրթության, այնպես էլ միջին մասնագիտական կրթության ոլորտներում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Լազարոթոն պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ: Նրա խոսքով, Շվեյցարիայի համար առաջնային համարվող գյուղատնտեսության ոլորտը լուրջ հաջողություններ է արձանագրել և այդ համատեքստում՝ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել՝ հատկապես ագրարային մասնագիտությունների և վերապատրաստումների ուղղությամբ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են համագործակցության ընդլայնման մի շարք այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր