00:00:00

«Իշխանությունների հագով կարված կոստյում է»․ Ընդդիմությունը դեմ է Փաշինյանի ներկայացրած նախագծին

18:57, 17 ապրիլ 2019

ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Բարգավաճ Հայաստանը» և «Լուսավոր Հայաստանը», դեմ են կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նեկայացված օրինագծերի փաթեթին։
Իր եզրափակիչ ելույթում «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց դիրքորոշումը  անփոփոխ է՝ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքում փոփոխությունները «իշխանությունների հագով կարված կոստյում է»։
«Մենք խոսում ենք նախկին համակարգը վերափոխելու մասին, սա դուք չեք ստեղծել։ Դուք, մենք եկել ենք, եկեք փոխենք։ Դուք նախկին համակարգի բեռը վերցնում եք ձեզ վրա ու սկսում եք դա արդարացնել։ Էստեղից այդ ելույթները ժամանակին... Շարմազանովը, Աշոտյանը։ Հիմա դուք եկել, նույն բանն եք ասում», - դիմելով մեծամասնությանը՝ հայտարարեց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագծին։
Նույն նախագծերի փաթեթին դեմ է քվեարկելու նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, թե ուսումնասիրել է փաթեթը և վստահ է՝ այս փոփոխություններով կառավարության գործունեության արդյունավետություն չի ապահովելու։
«Դուք պետք է չափելի ցույց տաք, որ սա եք անելու, սա եք անելու և սա եք անելու։ Մի տարի է անցել, կառավարությունից անորակ օրենքներ են գալիս խորհրդարան։ Որևէ մեկը չի խոսում քաղաքական պատասխանատվության մասին. գրել եք՝ նախարարը ինքնուրույն գրում ու մշակում է տվյալ ոլորտի քաղաքականությունը։ Հիմա հարց եմ տալիս՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարը պետք է հինգ-վեց ոլորտի քաղաքականություն մշակի՞։ Որտե՞ղ եք տեսել նման բան, որ այդ ոլորտներին չտիրապետող անձը գրի քաղաքականություն։ Եկեք խոսենք քաղաքական պատասխաատվության մասին, ընկերներ ջան։ Տնտեսական հեղափոխություն դուք այս կառուցվածքով չեք կարող անել և դրա համար մենք դեմ ենք քվեարկելու այս առաջարկությանը», - հայտարարեց Մելքումյանը՝ պատճառաբանելով իրենց դիրքորոշումը։
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ կառավարությունը չապացուցեց, թե նոր կառուցվածքային փոփոխություններով ինչքանով են երկրի գործերն առաջ գնալու։
Օրինագծերի փաթեթի վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու ներկայացված նախաձեռնությանը։
Նազարյանի բնութագրմամբ, կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ, ապահովում է կառավարման թափանցիկություն, արդյունավետություն, իսկ խորհրդարանն էլ կարող է վերահսկել գործադիրի աշխատանքը։
«Հայաստանում երբևէ չի եղել նման թափանցիկ կառավարություն, չի եղել այդքան ասուլիսներ հրավիրող, հրացազրույցներ տվող վարչապետ, ընդ որում՝ ոչ միայն լրագրողների, այլ նաև՝ քաղաքացների հարցերին պատասխանող վարչապետ», - հայտարարեց Նազարյանը։
Օրինագծի քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 18-ին կայանալիք ԱԺ նիստում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր