Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի հետ կապված՝ տրանշ-3-ում հիմա էլ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Այս մասին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը.
«Այս տարի պետք է ավարտեինք Թալին-Լանջիկ-Լանջիկ-Գյումրի հատվածը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չենք կարողանալու այդ նախագիծը ժամանակին ավարտել»,- ասաց նախարարը։
Ըստ Արշակյանի՝ այժմ ընկերության հետ բանակցություններն են ընթանում՝ կապված վերջնաժամկետի հետ.
«Միտված ենք հնարավորինս արագ ավարտին հասցնել։ Մենք ունենք մեծ նախագիծ՝ Սիսիան-Քաջարան հատվածում։ Մեկ մեծ՝ 8.7 կմ երկարությամբ թունելի և երեք կամրջի շինարարությամբ մենք 2 ժամով կրճատում ենք երթևեկության տևողությունը։ ԵՄ-ի հետ այս մասով բանակցություններ են ընթանում, դրանք դեռ չեն ավարտվել։ Սա առաջմնահերթ նախագիծ է կառավարության համար և պետք է իրականացվի։ Ունենք հստակ պատկերացւմ նաև գնի մասով։ Անհրաժեշտ է շուրջ 350 միլիոն դոլար»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Տրանսպորտի նախարարը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի շինարարության ավարտի հստակ ժամկետներ չնշեց, ասաց, որ հայտնի են միայն առանձին հատվածների շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները։
Օրինակ՝ Սիսիան-Քաջարան վերոնշյալ ճանապարհի կառուցապատումը նախատեսվում է ավարտել երկու տարում։