Ապրիլի 14-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այդ օրը` ժամը 11.00-ին, բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց խորանով Ս. Պատարագ, եւ ցանկացողներն, առանց պահքը խախտելու, կարող են հաղորդվել:
Ծաղկազարդը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ըստ Ավետարանի՝ Քրիստոս Երուսաղեմ մտավ ավանակին նստած, իսկ ժողովուրդը նրան դիմավորեց որպես թագավորի: Մարդիկ իրենց հագուստներն ու արմավենու ճյուղերն էին փռում Քրիստոսի ոտքերի տակ: Մանուկները փառաբանում էին Տիրոջը։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է Մանուկների օրհնության օր: Ս. Պատարագի ավարտին բոլոր եկեղեցիներում կկատարվի Մանուկների օրհնության կարգ:
Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարի շրջափակում ժամը 10:00-ին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի կունենա Անդաստանի արարողություն եւ մանուկների օրհնություն:
Մայր Աթոռի միաբանությունը ժամը 11:00-ին Ս. Պատարագի արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում, որի ավարտին տեղի կունենա մանուկների օրհնության կարգ:
Երեկոյան` ժամը 17:30, Սուրբ Գայանե վանքում կկատարվի Դռնբացեքի արարողությունը:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի եկեղեցիներում Ս. Պատարագի ավարտին կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ: