00:00:00

Զարթոնք գյուղում լարված իրավիճակ է. հնչել են կրակոցներ. Կա վիրավոր. Գյուղացիները փակել են երկաթգիծը

16:58, 13 ապրիլ 2019

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի գյուղապետ Պարույր Սարգսյանի թոռը՝ 27-ամյա Նարեկ Մելքոնյանը, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում կրակ է բացել գյուղացիների ուղղությամբ, կա առնվազն մեկ վիրավոր: Համայնքի բնակիչներից Համլետ Աբովյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին փակել են Երեւան-Գյումրի երկաթգիծը։ «Կրակոցներից առաջ գյուղապետի կողմի ժողովուրդը հարձակվել է մեր ցուցարարներից Վարդան Պողոսյանի տան վրա։ Սկսվել է ծեծկռտուք երկու կողմերի միջեւ։ Վարդան Պողոսյանը գլխի վնասվածք է ստացել, ու հիմա Մեծամորի հիվանդանոցում պառկած է»,- ասաց նա։ Աբովյանի խոսքով՝ Նարեկ Մելքոնյանը նշան է պահել ցուցարարների ոտքերին եւ վնասվածք է ստացել 35-ամյա Սեյրան Սահակյանը. «Որսորդական զենքով էր կրակում։ Մոտ մի 4-5 պատրոն կրակեց, որից երեքը իմ ուղղությամբ էր, մյուս մեկն էլ կպավ ընկերոջս՝ Սեյրանին»: NEWS.am-ը զրուցեց նաեւ Զարթոնքի գյուղապետ Պարույր Սագսյանի հետ, ով Նարեկ Սարգսյանի պապն է: Ըստ նրա՝ ցուցարարներն առավոտյան հարձակվել են իր աղջկա՝ Մանուշ Սարգսյանի տան վրա, իր թոռն էլ պաշտպանվելու համար որսորդական հրացանից մի քանի անգամ կրակել է օդ. «Հնչել են կրակոցներ, այո որովհետեւ 50 հոգով մտել են աղջկաս տան դուռն ու պատուհաններն են կոտրել, թոռս էլ վախեցել է, ու պաշտպանվելու համար սկսել է կրակել օդ։ Փամփուշտն էլ հակադարձել ու կպել է մեկի ոտքին»,- ասաց նա, եւ ավելացրեց, որ այդ պահին ոստիկանները եկել են հանդարտեցնելու բախումները, իսկ բնակիչները ոստիկանների ուսադիրներն են պոկել ու քարերով խբել։ ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ մեկ հոգի որսորդական հրացանի կոտորակից ստացել է վնասվածք. «Այո, ոստիկանության բաժին տարվել են մի քանի քաղաքացիներ, եւ այս պահին ոստիկանները կարգն են փորձում պահպանել»: Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 14։00-ի սահմաններում Զարթոնքի բնակիչների եւ դպրոցի աշխատողների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղապետի դուստրը՝ Մանուշ Սարգսյանը, համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն է, որը, ըստ բնակիչների՝ հայհոյել է գյուղի կանանց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր