00:00:00

Ուռուցքաբանության ոլորտը մեր առաջնահերթություններից է. Արսեն Թորոսյան

00:23, 13 ապրիլ 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) և առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին, որոնք impact առաքելության շրջանակներում այցելել են Հայաստան և գնահատել երկրի ուռուցքաբանության ծառայության կարողությունները: ԱԷՄԳ առաքելության պատասխանատու Արսեն Յուրիչը ներկայացրել է անցկացրած հետազոտությունների նախնական արդյունքները` արձանագրելով այս ոլորտում առկա խնդիրները, բացթողումները, ինչպես նաև հանդես է եկել առաջարկներով և ուռուցքաբանության ծառայության կտրուկ բարեփոխմանն ուղղված հնարավոր լուծումներով: Առաքելությունը գնահատել է փուլ առ փուլ կատարվող ծառայության քայլերը` սկսած առաջնային օղակում կանխարգելիչ միջոցառումներից մինչև պալիատիվ խնամք: Վերջինս առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել քաղցկեղի առաջացման ռիսկի գործոնների վրա, մասնավորապես նշելով` ծխելը, ալկոհոլի չարաշահումը, պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման բնակչության քիչ ներգրավվածությունը, այն դեպքում, երբ պետությունն անվճար տրամադրում է միջազգային չափորոշիչներին համապատասխան պատվաստանյութը: «Կան գնահատականներ, որ Հայաստանում քաղցկեղ ունեցողների 55 տոկոսի մոտ ռիսկի գործոնը ծխելն է»,- շեշտել է Արսեն Յուրիչը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել առաքելության ներկայացուցիչներին և նշել, որ ուռուցքաբանության ոլորտը նախարարության առաջնահերթություններից է: «Նախատեսում ենք հաջորդ տարվա բյուջեում քաղցկեղի ախտորոշման և բուժման ֆինանսավորման զգալի ավելացում, սկրինինգային նոր ծրագրերի, ինչպես նաև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում»,- ասել է Թորոսյանը: Առաքելության այցի արդյունքում առաջիկայում պատրաստվելու է ոլորտը գնահատող զեկույց, ոչ միայն ծառայության կարողությունների, այլև ճառագայթային անվտանգության մասով: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական և ավելի համապարփակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր