00:00:00

Հայաստանի ամերիկյան անկյունները ընթերցանության մարաթոնով միանում են ազգային գրադարանային շաբաթվա միջոցառումներին

20:57, 12 ապրիլ 2019

Ուրբաթ օրը, ապրիլի 12-ին ԱՄՆ դեսպանատան 5 Ամերիկյան անկյուններում ընթերցանության մարաթոնով նշանավորվեց ազգային գրադարանային շաբաթը, որն այս օրերին նշվում է թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում: Մարաթոնին ընթերցելու համար ընտրվել էր ամերիկյան դասական երկերից մեկը՝ Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը»: Դիվանագետների, պատգամավորների, պետական պաշտոնյաների, ակադեմիական օղակների ներկայացուցիչների, գրական գործիչների, գրադարանավարների, ընթերցասերների հետ մեկտեղ մարաթոնին մասնակցեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀՀ արտգործնախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Յուրաքանյուր մասնակից ընթերցում էր մինչև 5 րոպե, ապա հերթը փոխանցում մյուսին: Ընթերցանությունն հայերեն էր ու անգլերեն: Միջոցառումն առցանց հեռարձակվում էր ԱՄՆ դեսպանության յություբյան ալիքով: Ընթերցանության մարաթոնը շեշտում է այն մեծ կարևորությունը, որ տրվում է ընթերցանությանն ու գրագիտությանը Միացյալ Նահանգներում և Հայաստանում: «Մարսյան քրոնիկոնը» գիտաֆանտաստիկ վեպ է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են մարդիկ գաղութացնում Մարս մոլորակը՝ հեռանալով հետզհետե ոչնչացող և քայքայվող Երկիր մոլորակից: Իրադարձությունները ծավալվում են Մարսի բնիկների ու գաղութարարների միջև: Գրքի հեղինակն է Ռեյ Բրեդբերին, ով 1940-ականներին հրատարակել էր այս պատմությունը առանձին պատմվածքների տեսքով, ապա 1950թ. մեկտեղել դրանք և հրատարակել ամբողջական վեպի տեսքով: Գիրքը թարգմանվել է հայերեն 2015թ.-ին Զավեն Բոյաջյանի կողմից: Տարբեր տարիքի մարդկանց շրջանում ընթերցանությունը խրախուսելու նպատակով ավելի քան 60 տարի առաջ ձևավորված ազգային գրադարանային շաբաթվա ավանդույթը գործում է մինչ օրս, և այս տարի ազգային գրադարանային շաբաթը Միացյալ Նահանգներում նշվում է ապրիլի 7-ից 13-ը, իսկ Հայաստանում՝ ապրիլի 16-23-ը: Մինչ Երևանի Ամերիկյան անկյունում մասնակիցներն ընթերցում են վեպը, մյուս 4 ամերիկյան անկյուններում՝ Չարենցավանում, Կապանում, Վանաձորում և Գյումրիում, ինչպես նաև Հայաստանի մարզային գրադարաններում ընթերցասերները կարող են տեսակապի միջոցով միանալ Երևանին, ինչպես նաև մասնակից դառնալ տեղում կազմակերպված միջոցառումներին: ԱՄՆ դեսպանատունը «Մարսյան քրոնիկոնի» օրինակներ կտրամադրի միջոցառմանը մասնակցող բոլոր գրադարաններին: Ամերիկյան անկյուններում գրականության և անգլերենի տոն է ողջ տարվա ընթացքում: 2018թ. ամերիկյան անկյունների այցելուների թիվը կազմել է 77.000 հոգի, ընթերցվել է  36.300 անգլերեն գիրք, դիտվել է 5.408 տեսասկավառակ: Մեր այցելուներին առաջարկվել է 1.750 ծրագիր, այդ թվում՝ անգլերենի անվճար դասընթացներ, ծրագրավորման դասընթացներ, ստարտափ բիզնեսի մասին աշխատարաններ, եռաչափ տպագրության խմբակներ և այլն: Իսկ երկուշաբթի օրը ԱՄՆ դեսպանությունը և Երևանի ամերիկյան անկյունը բացեցին նոր Տեխնոլաբը, որտեղ այցելուները կարող են սովորել ռոբոտաշինության, կոդավորման և շատ այլ բաների մասին: Ամերիկյան անկյունների մուտքն ազատ է բոլորի համար: Հայաստանի Ամերիկյան անկյունների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք https://www.americancorners.am/ կայքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր