Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունում ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել:
Այս մասին ապրիլի 11-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ Հայաստանում տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն, և խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է: «Խնդիրն այն է, որ մեր հեղափոխության մեջ իսկապես որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածություն չի եղել: Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է, և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է, և շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի, կազմակերպության դեմ չէ: Հայաստանի ժողովուրդը հեղափոխությունն իրականացրել է հանուն իր ազգի ազատ և երջանիկ ապագայի: «Մենք մտադիր ենք մեր հարաբերությունները զարգացնել մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք այս պահին նախագահում ենք այդ կազմակերպությունում: Մենք մեզանից կախվածն անելու ենք այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար»,- նշեց նա:
Անդրադառնալով Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ դրանք կրում են ռազմավարական բնույթ, և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: «Անվտանգության համակարգի առումով մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք և ամեն ինչ անելու ենք այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Եվրամիության հետ մենք ունենք հրաշալի հարաբերություններ, և դա ունի մի շատ կոնկրետ պատճառ. խնդիրն այն է, որ համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը Եվրամիության հետ, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր կառավարության ունեցած օրակարգի հետ: Այն օրակարգի հետ, որ մենք ի սկզբանե մտադիր ենք իրականացնել մեր երկրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը: