00:00:00

Բացարձակ ճշմարտություն է, որ ՀՀ-ն ԵՄ-ի եւ ԵԽ-ի լիակատար անդամ է․ ԵԽ գլխավոր քարտուղարի եւ ՀՀ վարչապետի համատեղ ասուլիսը

17:00, 11 ապրիլ 2019

Նիկոլ Փաշինյանի եւ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ ասուլիսը. ՀՀ վարչապետը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչպես տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան։ Ուրախ ենք տեսնել, որ դա իսկապես աշխատեց։ Այս մասին այսօր Ստրասբուրգում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։ Նա նշեց, որ ընտրությունները, որ Հայաստանում տեղի ունեցան դեկտեմբերին, եզրափակեցին խաղաղ իշխանափոխությունը․ «Ուզում եմ նաեւ ողջունել վարչապետին՝ նրա՝ դեպի առաջ կատարած քայլերի համար։ Մենք վերջերս գործողությունների նոր պլան ենք հաստատել Հայաստանի համար, դա շատ լայն ծրագիր է, եւ նույն տեմպերով կշարունակենք առաջ գնալ։ Դա եւս Հայաստանին կտանի առաջ եւ կուժեղացնի ժողովրդավարությունը։ Գնահատում եմ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը»,-ասաց Յագլանդը՝ Փաշինյանին շնորհավորելով այն ամենի համար, ինչին հասել է․ «Բացարձակ ճշմարտություն է, որ Հայաստանը Եվրամիության եւ Եվրոպայի խորհրդի լիակատար անդամ է»,-եզրափակեց ԵԽ գլխավոր քարտուղարը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵԽ գլխավոր քարտուղարին՝ ընդգծելով, որ, այո՛, հարցերի լայն շրջանակ է քննարկել եւ հաստատել են, որ հեղափոխության ընթացքում Հայաստանը եւս մեկ անգամ հավատարիմ է մնացել եվրոպական արժեքներին․ «Շատ կարեւոր էր այն հայտարարությունը, որ տեղի է ունեցել ժողովրդավարական հեղափոխություն։ Դա ներքին գործընթաց էր եւ որեւէ կողմ ճնշում չգործադրեց ՀՀ-ի վրա, եւ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ժողովրդավարությունը մեր մարդկանց մտքերում ու սրտերում է։ ՀՀ կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին, եւ այն գործողությունները, որ Եվրոպայի խորհուրդն անում է Հայաստանում՝ պարզապես ընդունելով ՀՀ-ն որպես ԵԽ լիիրավ անդամ, եւ նպաստում է ժողովրդավարական փոփոխություններին, հիմա վստահաբար կարող ենք հայտարարել, որ ՀՀ-ն արդե՛ն ժողովրդավարական պետություն է։ Եւ ԵԽ-ի մեծ փորձառությունը շատ օգուտ է տվել մեզ՝ օրենքի իշխանությունը հաստատելու գործում։ Մենք ամբողջովին համագործակցում ենք ԵԽ-ի հետ»,-ասաց վարչապետը։ Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետն այսօր կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստին, որտեղ հանդես կգա ելույթով եւ կպատասխանի պատգամավորների հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր