00:00:00

Ադրբեջանում ևս պետք է կիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն. Տաթևիկ Հայրապետյանը՝ ԵԽԽՎ-ում

00:13, 11 ապրիլ 2019

Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում Ադրբեջանի և Արցախի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության և փոխադարձաբար միմյանց հասկանալու: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը նշել է «Քաղաքական առաջնորդների դերն ու պատասխանատվությունը ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարում» զեկույցի շրջանակներում ունեցած ելույթում։ Նա հավելել է, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների և առաջնորդների դերը կենսական է, և հույս հայտնել, որ Ադրբեջանում ևս կսկսեն սա գիտակցել և կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն։ Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի տիկին նախագահ, գործընկերներ, տիկնայք և պարոնայք, Նախ և առաջ թույլ տվեք շնորհակալություն հայտնել զեկույցի հեղինակին զեկույցի համար: Ես կցանկանամ իմ խոսքն ուղղել ոչ միայն որպես ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության անդամ, այլև երիտասարդ քաղաքական գործիչ, որը հավատում է, որ կանայք կարող են և պետք է խոսեն խաղաղության մասին ավելի վճռականորեն: Իմ կարծիքով, որպես մայրեր, քույրեր և ամուսիններ՝ կանայք խորհրդանշում և մարմնավորում են խաղաղություն: Ոչ մեկիդ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը երկարատև հակամարտության մեջ են: Ճշմարտությունն այն է, որ այդ հակամարտությունը խլել է բազմաթիվ կյանքեր Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ տիկին Աննա Հակոբյանը, հանդես է եկել շատ համարձակ նախաձեռնությամբ, որը կոչվում է «Կանայք հանուն խաղաղության»: Նախաձեռնության իմաստը շատ պարզ է.  որպես մայրեր, քույրեր և ամուսիններ մենք պետք է խաղաղության կոչ անենք հակամարտող բոլոր կողմերից՝ Հայաստանից, Ադրբեջանից և Լեռնային Ղարաբաղից: Մենք պետք է պայքարենք ատելության խոսքի և պատերազմական հռետորաբանության դեմ: Աննա Հակոբյանը կոչ է արել ադրբեջանցի կանանց ոտքի կանգնել հանուն ղարաբաղյան հակամարտության խաղաղ և առանց բռնության լուծման: Ես կցանկանամ տեղեկացնել, թե ինչպիսին է եղել Ադրբեջանի պատասխանը: Ցավոք, ի պատասխան՝ Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինն ու Ադրբեջանի փոխնախագահը հայտարարեց, որ «Ադրբեջանի դրոշը պետք է ծածանվի Լեռնային Ղարաբաղի յուրաքանչյուր գյուղում»: Ես իսկապես ցավում եմ, որ պատերազմական հռետորաբանություն է հնչում նաև Ադրբեջանի կին ներկայացուցչից: Կարծում եմ՝ որպես կին քաղաքական գործիչներ և առաջնորդներ մենք պետք է կանգնենք հանուն խաղաղության և ընդդեմ բռնության ու ատելության խոսքի, հատկապես հակամարտության համատեքստում: Ցանկանում եմ շեշտել, որ կա ուղիղ կապ «օտարներին» ուղղված ատելության խոսքի և ներհասարակական բռնության միջև: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանում պետական մակարդակով ատելության խոսքի բացակայությունը եղել է պատճառներից մեկը, որ մեզ հաջողվել է իրականացնել խաղաղ, ոչ բռնի թավշյա հեղափոխություն և ստանձնել դեպի ժողովրդավարություն տանող ուղին, քանի որ մեր հասարակությունը մշտապես քննադատել է բռնությունը՝ լինելով 1915 թ. Օսմանյան կայսրության իրագործած ցեղասպանության զոհ: Ներկայումս բազմաթիվ կոչեր են հնչում ժողովուրդներին խաղաղության պատրաստելու մասին, քանի որ ոչ մի լուծում իրագործելի չի լինելու, եթե ժողովուրդները պատրաստ չլինեն խաղաղության և փոխադարձաբար միմյանց հասկանալու: Եվ ես կարծում եմ, որ այս բարդ գործընթացում կին քաղաքական գործիչների և առաջնորդների դերը կենսական է: Հույս ունեմ, որ Ադրբեջանում ևս կսկսեն սա գիտակցել և կկիրառեն խաղաղության լեզուն պատերազմական բառապաշարի փոխարեն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր