00:00:00

Կառավարությունը հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության իր պարտավորություններին. ԱԳՆ պատասխանը՝ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությանը

15:12, 10 ապրիլ 2019

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Երևանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հայտարարությանը, որում ասվում էր, որ ատելության խոսքը, մահվան սպառնալիքներն` ուղղված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին և նրա գործընկերներին, խտրականություն են։ Աննա Նաղդալյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Մեկնաբանության մեջ ասվում է. «Տեղյակ ենք այդ հայտարարություններից, որտեղ արտահայտված էր մտահոգություն Հայաստանի հասարակական կյանքում տեղ գտած քննարկումների առնչությամբ և անդրադարձ էր կատարվում ՀՀ-ի միջազգային պարտավորություններին։ ՀՀ կառավարությունն ամբողջովին հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանության և խրախուսման իր պարտավորություններին։ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են, որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ։ Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իր հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր