00:00:00

Իշխանափոխությունից հետո քանի՞ կարկառուն ՀՀԿ-ական լքեց կուսակցության շարքերը (լուսանկարներ)

17:09, 09 ապրիլ 2019

2018 թվականի ապրիլին տեղի ունեցած թավշա հեղափոխությունից հետո շատերը լքեցին ՀՀԿ-ի շարքերը։ Բնականաբար, վերջիններիս թվում էին նաև երբեմնի կարկառուն ՀՀԿ-ականները։ Մի քանի օրից կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին։ Irakanum.am-ն առանձնացրել է այն ՀՀԿ-ականներին, ովքեր իշխանափոխությունից հետո լքեցին Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցությունը։ 2018 թվականի մայիսի 29-ին նախորդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 2 ընտրական տարածքից ընտրված պատգամավոր Արթուր Գևորգյանը, որը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, հայտարարեց ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին: Նա երկար տարիներ ՀՀԿ անդամ էր, ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ Դավթաշենի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ: 2018 թվականի հունիսի 5-ին ՀՀԿ-ից ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում ներկայացրեց նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ Սասի Արտակը։ Նա ՀՀԿ-ին անդամագրվել էր 2006 թ. հուլիսի 31-ին ։ 2018 թվականի հուլիսին 14-ին ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ Նովոն  դիմում գրեց ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու համար։ 2019 թվականի փետրվարի 11-ին ՀՀԿ-ն լքեց նախորդ գումարման ԱԺ փոխնախագահ, երբեմնի կարկառուն ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։ Նա ՀՀԿ անդամ էր դարձել 2012 թվականին, իսկ 2016 թվականից ՀՀԿ գործադիր մարմնի անդամ էր: Արփինե Հովհաննիսյանն այժմ փաստաբանական պալատի անդամ, ծավալում է իրավաբանական գործունեություն։ Իշխանափոխությունից հետո ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարեց նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ 2019 թվականի հունվարի 10-ին «Քառյակ մեդիա» ՓԲԸ համահիմնադիրներ, ԱԺ նախկին պատգամավորներ Միհրան Հակոբյանը և Սամվել Ֆարմանյանը հունվարի 8-ին դիմում ներկայացրին իրենց անդամակցությունը ՀՀԿ-ին դադարեցնելու մասին: Հիշեցնենք՝ Սամվել Ֆարմանյանը 2012 թվականին անդամագրվել է ՀՀԿ-ին, նույն թվականից դարձել է ՀՀԿ խորհրդի անդամ է, 2016 թվականից եղել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ: Իսկ Միհրան Հակոբյանը 2011 թվականից էր դարձել ՀՀԿ խորհրդի անդամ։ 2019 թվականի մարտի 27-ին ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՀՀԿ-ից գալու դիմում ներկայացրեց: Նշենք, որ Վարդան Արամյանը ՀՀԿ անդամ է եղել դեռևս 2008 թվականից։ Նա ՀՀ ֆինանսների նախարար էր նշանակվել 2016 թվականի սեպտեմբերի 20-ին։ Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ խմբակցությունը լքեցին նաև անկուսակցական կամ այլ կուսակցության անդամակցող պատգամավորներ։ 2018 թվականի հունիսի 2-ին ՀՀԿ խմբակցությունը լքեց պատգամավոր Արման Սահակյանը։ Հունիսի 4-ին ՀՀԿ խմբակցությունից դուրս եկավ անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը, որն այժմ զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ի դեպ, մա միակն էր ՀՀԿ խմբակցությունից, որը մայիսի 1-ին քվեարկել էր վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի օգտին։ 2018 թվականի հունիսի 5-ին ՀՀԿ խմբակցությունից դուրս եկավ ԱԺ նախորդ գամարման պատգամավոր, անկուսակցական գործարար Սամվել Ալեքսանյանը, իսկ 2018-ի մայիսի 29-ին ՀՀԿ խմբակցությունը լքեց նաև «Հզոր հայրենիք» կուսակցությանն անդամակցող Շիրակ Թորոսյանը, որն այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ է։ Իհարկե, կան նաև նախկին պաշտոնյաներ, որոնք ՀՀԿ շարքերը լքել են դեռ հեղափոխությունից առաջ։ 2017 թվականի հունվարի 31-ին նախկինում վարչապետի պաշտոն ստանձնած Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրեց կուսակցության կենտրոնական գրասենյակ: Նա 2012 թվականից իշխող կուսակցության բարձրագույն կառույցի՝ գործադիր մարմնի անդամ էր, ղեկավարում էր կուսակցության քաղաքական հանձնաժողովը։ Դեռ 1990-ականներից ՀՀԿ-ին անդակցող Հովիկ Աբրահամյանը լքեց կուսակցությունն այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու եկավ Կարեն Կարապետյանը, որն էլ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին լքեց ՀՀԿ-ն։ Հիշեցնենք՝ Կարեն Կարապետյանը ՀՀԿ փոխնախագահ էր։ Մեր առաջիկա հրապարակումներից մեկում կներկայացնենք, թե վերջին մեկ տարվա ընթացքում քանի մարդ է լքել ՀՀԿ-ն և քանիսն են անդամագրվել այս կուսակցությանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր