00:00:00

Այցի ողջ ընթացքում մենք զգացինք, թե որքան խորը հարգանք կա հայերի հանդեպ այս երկրում. ԱԳ նախարարը՝ Եթովպիայում

20:12, 05 ապրիլ 2019

Ապրիլի 4-ին պաշտոնական այցով Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ եթովպահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց հայկական համայնքի կարեւորությունը Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում եւ կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում: ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր գնահատեց եթովպահայ  փոքր, բայց ակտիվ համայնքի դերը ազգային ինքնության պահպանման գործում՝ նշելով մայր հայրենիքի հետ փոխշփումների եւ կապերի աշխուժացման կարեւորությունը: «Այցի ողջ ընթացքում մենք զգացինք, թե որքան խորը հարգանք կա հայերի հանդեպ այս երկրում: Մենք մի ժողովուրդ ենք, որը միշտ կարողացել է ամուր կանգնել ոտքի, ստեղծել հարստություն իր համար, իր համայնքների համար: Դուք փաստում եք դա: Եվ այն ինքնավստահությունը, որ մենք ունենք մեր երկրի հանդեպ, գալիս է յուրաքանչյուր հայից, որը տեղում ստեղծում է այն, ինչը կոչվում է հայի հեղինակություն: Ես Ձեզ շնորհակալ եմ, որ դուք այդ ինքնավստահությունը ներդրել եք այստեղ` այս երկրում: Մենք առավել քան վճռական ենք կամրջելու մեր երկրները: Եթովպիայում Հայաստանի առաջին դեսպանները դուք եք: Եվ ես եւս մեկ անգամ ձեզ շնորհակալություն եմ հայտնում»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եթովպահայ համայնքի ուշադրությանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ կառավարության զարգացման ծրագիրը, որը միտված է նորարարության, բարձր տեխնոլոգիաների եւ ստեղծագործ կրթության ոլորտների զարգացման հիման վրա տնտեսության խթանմանը: Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին՝ ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը: Եթովպիայի հայ համայնքի հետ հանդիպումից առաջ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Ադիս-Աբեբայում գտնվող Սուրբ Գեւորգ Հայաստանյայց Առաքելական եկեղեցի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր