00:00:00

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2018-ին ավելացել է 11.2 տոկոսով եւ կազմել 2 մլրդ դոլար

19:41, 05 ապրիլ 2019

Ապրիլի 4-ին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի գլխավորությամբ կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստը, որին հայկական կողմից մասնակցել են նաեւ Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը: Նիստի սկզբում համանախագահները նշել են, որ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների կողմից համատեղ իրականացված աշխատանքի արդյունքում նախորդ նիստի որոշումները ընդհանուր առմամբ կատարվել են: Միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, ռադիոէլեկտրական արդյունաբերության, տրանսպորտի, սննդի անվտանգության, առողջապահության, կրթության եւ գիտության ոլորտներում: Համանախագահներն ընդգծել են, որ պետք է հատկապես ուշադրություն դարձնել տուրիզմի ոլորտի զարգացմանը, որը հանդիսանում է հայ-ռուսական առեւտրատնտեսական եւ հումանիտար համագործակցության նշանակալի ուղղություն: Այդ նպատակով կարեւորվել է նիստից հետո ստորագրված 2019-2021 թնականների համար համապատասխան գերատեսչությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը: Նիստի ընթացքում մասնավորապես համանախագահները գոհունակությամբ են փաստել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխադարձ առեւտրի ուղղությամբ արձանագրված դրական դինամիկան՝ նշելով, որ կողմերը կշարունակեն իրականացնել համատեղ աշխատանքներ համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 2018 թվականի տվյալներով կազմել է շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլար եւ ավելացել է 2017 թվականի համեմատությամբ 11.2 տոկոսով: Առանձնակի կարեւորվել է Հայ-ռուսական գործարար խորհուրդ ստեղծելու գաղափարը, ինչը, ըստ համանախագահների, կնպաստի երկու երկրների բիզնես համայնքների արդյունավետ համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ կծառայի որպես բիզնեսի առջեւ ծառացած խնդիրների եւ օրակարգային հարցերի բարձրաձայնման հարթակ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կստեղծվի համանախագահերի տեղակալի ինստիտուտ, որը կներկայացնի բիզնես համայնքը: Երկու կողմերը ողջունել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայ-ռուսական ներդրումային ֆոնդ նախաձեռնելու պայմանավորվածությունը՝ ընդգծելով այդ գործընթացում Եվրասիական զարգացման բանկի դերը: Համանախագահներն առանձնակի կարեւորել են միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն ու այդ գործընթացում հայ-ռուսական միջտարածաշրջանային ամենամյա համաժողովի կազմակերպումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր