00:00:00

Ալեքսանդր Ամարյանը համաներմամբ ազատվել է պատիժը կրելուց

01:00, 05 ապրիլ 2019

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների և օգնության վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանի վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանում է։ Այս մասին տեղեկացանք դատական տեղեկատվական համակարգից։ Ալեքսանդր Ամարյանը մեղադրվում է իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացման և խարդախությամբ գումար հափշտակելու համար։ Ըստ մեղադրանքի՝ Գենադի Մուրսալյանը, Ալիսա Իսկանդարյանը և Ալեքսանդր Ամարյանը 2015թ. նոյեմբերի 5-ին նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել Ալիսա Իսկանդարյանին պատկանող բնակարանը Մուրսալյանի կողմից 8.000.000 ՀՀ դրամով գնելու վերաբերյալ։ Մուրսալյանը պարտավորվել է այդ գումարը մաս-մաս տրամադրել Ամարյանին, որպեսզի վերջինս այն ամբողջությամբ փոխանցի Իսկանդարյանին, ինչից հետո Ա. Իսկանդարյանի և Գ.Մուրսալյանի միջև պետք է կնքվեր հիշյալ բնակարանի առուվաճառքի պայմանագիրը: Այնուհետև Մուրսալյանն ընկերոջ` Վահան Բաբայանի միջոցով 2015թ. նոյեմբերի 5-ից մինչև 2016թ. մայիսի 12-ը մաս-մաս Ամարյանին վճարել է ընդհանուրը 8.000.000 ՀՀ դրամ, սակայն Ամարյանն իրեն վստահված հիշյալ գումարից Իսկանդարյանին փոխանցել է միայն 1.208.400 ՀՀ դրամը` յուրացնելով մնացած առանձնապես խոշոր չափերի` 6.791.600 ՀՀ դրամը: Բացի այդ, Ալեքսանդր Ամարյանը 2015թ. նոյեմբերի սկզբին Գենադի Մուրսալյանին վաճառվելիք` Ալիսա Իսկանդարյանին պատկանող բնակարանն աճուրդից հանելու համար ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում վճարում կատարելու պատրվակով Վահան Բաբայանից Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 34-րդ հասցեում գործող գրասենյակում պահանջել և ստացել է Մուրսալյանին պատկանող 500.000 ՀՀ դրամը, սակայն որևէ վճարում չի կատարել` այդ կերպ խաբեությամբ հափշտակելով նշված գումարը: Ամարյանի նկատմամբ, որպես խափանաման միջոց է ընտրված եղել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի 2018թ. նոյեմբերի 28-ի դատավճռով Ալեքսանդր Ամարյանը մեղավոր էր ճանաչվել խարդախություն և յուրացում կատարելու համար և դատապարտվել 5 տարի 6 ամիս ժամկետով՝ ազատազրկման։ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 2018թ. նոյեմբերի 1–ի որոշման կիրառմամբ, սակայն՝ Ամարյանն ազատվել է պատիժը կրելուց։ Այս որոշումը տուժող կողմը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։ Մասնավորապես Գենադի Մուրսալյանը պահանջում է վերաքննիչից՝ մասնակի բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն ու Ամարյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչում գործը մակագրվել է դատավոր Ռուզաննա Բարսեղյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր