00:00:00

Կառավարությունը մերժեց Հայ կինոյի օր ունենալու Նաիրա Զոհրաբյանի նախագիծը

19:18, 04 ապրիլ 2019

ՀՀ կառավարությունն ապրիլի 4-ին մերժեց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանի ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում էր ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով նախագիծը զեկուցողին, նշեց, որ ձայնը տրվում է ՀՀ մշակույթի նախարարի պարտականություններն իրականացնող Նազենի Ղարիբյանին, ապա, նկատելով, որ դահլիճում նախարարի տեղակալն է, ասաց՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Դավթյանին: Վարչապետին հուշեցին, որ նախարարի տեղակալը ոչ թե Դավթյան է, այլ Գալստյան: «Խառնեցինք: Զեկուցող՝ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյան»,- ուղղեց նա: Գալստյանը զեկուցեց, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար չի համարում օրենքով ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելու առաջարկը, քանի որ մշակույթի ոլորտում, ի թիվս այլ միջազգայնորեն ընդունված տոների եւ մասնագիտական նշանակալի օրերի, որոնցից յուրաքանչյուրն ունի պատմական հիմնավորումներ եւ պատճառաբանություններ, արդեն իսկ կա Կինոյի միջազգային օր (դեկտեմբերի 28): «Կարծում ենք, որ այդ շրջանակներում կարելի է անդրադառնալ հայ կինոյին՝ միաժամանակ արժեւորելով այն միջազգային կինոժառանգության համատեքստում»,- նշված է հիմնավորման մեջ: «Այսինքն, քանի որ ունենք Կինոյի միջազգային օր, նպատակահարմար չենք համարում առանձին՝ սեփական օր ունենալ: Մանավանդ որ, միջազգային կինոաշխարհին ինտեգրվելու շատ խելամիտ տարբերակ կլինի», - ասաց վարչապետը։ Արձագանքեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նշելով, որ ապրիլի 16-ը ՀՀ ոստիկանության օրն է։ «Այո եւս մեկ փաստարկ՝ չնայած հիմա ոստիկանության մասին շատ հաճախ են ֆիլմեր նկարում, բայց, ամեն դեպքում», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր