00:00:00

Փորձագիտական խումբն ուսումնասիրում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու համատեղելիությունը

22:35, 03 ապրիլ 2019

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ու անազատության մեջ գտնվելու համատեղելիության հարցը քննվում է փորձագիտական խմբի կողմից: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Եթե կալանքի հիմքերը բավարար և իրավաչափ են, ապա պետք է նաև գնահատել հետևյալը` արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ: Սրանք պետք է տարանջատել: Հիմա, որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն` ճշտելու` արդյոք անազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները»,- ասաց նախարարը: Մարտի 25-ին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից կրկին տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն: Հունվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ՄԻԵԴ-ը ՀՀ կառավարությունից պահանջել է Մանվել Գրիգորյանի գործով համապատասխան տեղեկատվություն տրամադրել: Մարտի 22-ին ՄԻԵԴ-ից ստացված գրությամբ ՀՀ կառավարությունը տեղեկացվել է, որ մարտի 12-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանը խնդրել է, որ Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն, միջանկյալ միջոց ձեռնարկի` պարտավորեցնելով ՀՀ իշխանություններին Մանվել Գրիգորյանին անհապաղ տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ համապատասխան բժիշկ մասնագետների հսկողության տակ, ինչպես նաև անհապաղ տեղափոխել Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող իր կողմից մատնանշված բուժհաստատություն՝ հետագա ստուգման և բուժման նպատակով: Մարտի 22-ին Եվրոպական դատարանը որոշում է կայացրել հետաձգել միջանկյալ միջոց ձեռնարկելու հարցի քննությունը՝ պահանջելով ՀՀ կառավարությունից մինչև ապրիլի 3-ը ներկայացնել համապատասխան տեղեկատվություն: Ներկայումս Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ նշված տեղեկատվությունը հավաքելու, ՀՀ կառավարության դիրքորոշումը ձևակերպելու և սահմանված ժամկետում Եվրոպական դատարան ներկայացնելու համար Ավելի վաղ, փետրվարին Մանվել Գրիգորյանը տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու: Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր