00:00:00

Մեկնարկել է ԱԳ նախարարի այցը Ադիս Աբեբա. Նա հանդիպել է Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեւդեի հետ

16:43, 03 ապրիլ 2019

Ապրիլի 3-ին Ադիս-Աբեբա կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եթովպիայի նախագահ Սահլե-Վորկ Զեւդեի հետ: Զոհրաբ Մնացականյանը շնորհավորեց  Սահլե-Վորկ Զեւդեին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարեւոր առաքելության մեջ։ ՀՀ ԱԳ նախարարը շնորհավորեց Եթովպիային նաեւ ՄԱԿ Անվտանգության Խորհրդում հաջող անդամակցության առիթով: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի խորացման եւ հարստացման հեռանկարների շուրջ։ Որպես առաջնային ուղղություն երկուստեք նշվեց տեղեկատվական տեխնոլոգիաների, թվային օրակարգի շուրջ համագործակցության խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ Աֆրիկյան մայրցամաքի երկրների, այդ թվում Եթովպիայի հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարեւոր առաջնահերթություններից է, եւ հայկական կողմը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործման ուղղությամբ: Այս համատեքստում երկուստեք շեշտվեց նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Եթովպիայի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծեցին Եթովպիայի թեեւ փոքրաթիվ, սակայն ակտիվ հայ համայնքի դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ որպես ամուր կամուրջ եւ կապող օղակ երկու բարեկամ երկրների միջեւ: Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության եւ տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանումն է: Նախարար Մնացականյանը կարեւորեց Հայաստանի եւ Եթովպիայի հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության ընդլայնումը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայաստանի կառավարության կողմից հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» 1325 բանաձեւի դրույթների իրականացման գործողությունների 2019-2021 թվականների ազգային ծրագիրը: Եթովպիայի նախագահի խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր