00:00:00

Գարեգին Բ-ն դիմել է Պատրիարք Կիրիլին Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին ազատելու հարցում միջնորդելու խնդրանքով

23:12, 02 ապրիլ 2019

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ հանդիպմանը վերջինիս խնդրել է միջնորդել Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ազատ արձակման հարցում: «Ցանկանում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այս միջադեպի վրա: Վերջերս 20 տարվա ազատազրկման է դատապարտվել դեռևս ամռանն անհայտ հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացին Տավուշի մարզի Բերդավան գյուղից՝ Կարեն Ղազարյանը, որը հոգեկան խնդիրներ ունի»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: Վերջինս նշել է, որ Կարեն Ղազարյանի նկատմամբ դատական որոշումն ընդունվել է մարդու իրավունքների ակնհայտ խախտումներով: «Հաշվի առնելով մեր նախորդ փորձը որպես հոգևոր առաջնորդների՝ դիմում ենք Ձերդ Սրբությանը՝ խնդրանքով միջնորդելու Ադրբեջանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններին երիտասարդին ընտանիք վերադարձնելու համար՝ միջազգային պարտավորվածությունների համաձայն», - հավելել է Գարեգին Բ կաթողիկոսը: Հայաստանի հոգևոր առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Համայն Ռուսիո պատրիարքին հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների կազմակերպման համար, որոնց նպատակն է նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ղարաբաղյան հակամարտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման և կայունության ամրապնդման համար: Հակամարտության կարգավորման համար առաջին հերթին անհրաժեշտ է ձևավորել համապատասխան մթնոլորտ, այդ թվում՝ փոխադարձ վստահության ամրապնդման ու ռազմատենչ հռետորաբանության նվազեցման: Հայաստանի իշխանությունները, ժողովուրդն ամուր են խաղաղության ձգտման և համերաշխության կամքում, սակայն այդ ճանապարհը չի կարող լինել միակողմանի»,- ավելացրել է Գարեգին Երկրորդը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր