00:00:00

Ապրիլյան պատերազմից երեք տարի անց․ պատմում են հերոսները

20:50, 02 ապրիլ 2019

Ապրիլյան պատերազմից հետո երեք տարի է անցել։ Պատերազմին մասնակցած հերոս տղաներն ապրում են մեր կողքին՝ համեստ, չկոտրված, հարկ եղած դեպքում՝ դարձյալ մարտի դաշտում կռվելու պատրաստակամությամբ։ Քառօրյա պատերազմի մասնակից, հերոս Նարեկ Մալխասյանն անցել է պատերազմի սարսափների միջով, բայց չի ընկրկել, ավելի է կոփվել․ նա այսօր ծառայում է հայոց բանակում, սպա է։ «Ապրիլյան պատերազմը մեզ սովորեցրեց, որ պետք է ավելի լուրջ նայել ամեն ինչին։ Մեր բանակն ամեն օր քայլ առ քայլ առաջ է գնում։ Մարդիկ արդեն գիտակցում են բանակի, զինվորի, սպայի կարևոր դերը մեր երկրում։ Զինակոչիկները ծառայության զինակոչվելուց առաջ գիտակցում են, թե ուր են գնում և ինչու, գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի կարիքը կա բանակում։ Այժմ շարունակում եմ ծառայությունս՝ արդեն որպես սպա և կարծում եմ՝ դեռ երկար կծառայեմ Հայաստանի Հանրապետությանը։ Պատերազմի ժամանակ ես եղել եմ ժամկետային զինծառայող։ Քանի որ հիմա սպա եմ, ունեմ իմ պատասխանատվության, ենթապակության տակ գտնվող զինվորներ։ Ես պատասխանատու եմ նրանցից իրաքանչյուրի քայլերի, կյանքի համար։ Այս ամենը գիտակցելով՝ գնացել եմ այս քայլին ու զգում եմ, որ պատրաստ եմ ու պիտի ծառայեմ Հայաստանի Հանրապետությանը», - irakanum.am-ի հետ զրույցում նշեց Նարեկ Մալխասյանը վստահեցնելով՝ իշխանությունների կողմից երբեք ուշադրության, ջերմության պակաս չի զգացել։ Նա նշեց՝ պատերազմը ստիպեց հասկանալ՝ պետք է գնահատել կյանքը։ «Կյանքից թանկ ու քաղցր բան չկա այս աշխարհում։ Պատերազմը շատ վատ բան է, բայց նաև անխուսափելի։ Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ գրեթե շրջապատված ենք թշնամիներով, ու յուրաքանչյուր վայրկյան այդ ամենը կարող է վերսկսվել, ուստի պետք է միշտ պատրաստ լինել պատերազմին», - նշեց Նարեկ Մալխասյանը։ Ապրիլյան պատերազմի բովով անցած Արշակ Հարությունյանն էլ նշեց՝ մեր բանակն այսօր ավելի մարտունակ է, քան երեք տարի առաջ։ «Իհարկե, նաև դասեր ենք քաղել պատերազմից։ Ամեն վայրկյան սպասում ենք նույն իրադարձություններին։ Ես՝ ինքս, ամեն վայրկյան սպասում եմ և, բնականաբար, ավելի պատրաստված եմ», - նշեց Արշակ Հարությունյանը։ Նա օդաչու է, աշխատում է իր մասնագիտությամբ։ Խոսելով ապրիլյան պատերազմի օրերի մասին՝ համեստորեն նշեց՝ ընդամենն իր պարտականությունն է կատարել։ «Նախորդ կամ ներկայիս իշխանությունների կողմից ուշադրության պակաս չեմ զգացել։ Ճիշտն ասած՝ չեմ էլ սպասել դրան, բայց այդ ուշադրությունը, ինչպես ասում են, մի բան էլ ավել է եղել։ Այժմ բանակում ծառայող տղաներին մաղթում եմ բարի ծառայություն, ու մի փոքրիկ խորհուրդ․ թո՛ղ միշտ ուշադիր լինեն, ապասեն ամեն ինչի։ Մենք էլ ընդհանրապես չէինք սպասում․․․ Միայն թո՛ղ ուշադիր լինեն և ամենակարևորը, անփորձանք ծառայութնուն եմ մաղթում մեր տղաներին», - նշեց Արշակ Հարությունյանը։ Ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանն էլ նշեց՝ Ապրիլյան պատերազմից հետո մեր բանակն ավելի արագորեն է գարգանում։ «Պատերազմից հետո բանակում ավելի շատ զինտեխնիկայի համալրում եղավ, բայց այդ ամենը կարող էին ավելի շուտ անել։ Պարզապես, պատերազմը ստիպեց հասկանալ բանակն ավելի հզորացնելու, ավելի մարտունակ դարձնելու կարևորությունը», - նշեց Մանուելը՝ ընդգծելով՝ ինքն իրեն հերոս չի համարում․ հերոսներն այն տղաներն են, որոնք զոհվեցին։ «Լինելով ավելի ակտիվ՝ ուշադրության պակաս չեմ զգացել, բայց իմ շրջապահում կան ընկերներ, որոնք շատ կարևոր, լուրջ գործի տղաներ են եղել, բայց այսօր անտեսված են։ Մենք «Դիրքապահ Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ-ում բարձրաձայնում ենք այս հարցերը։ Բազմաթիվ հարցեր կան․ զինգրքույկներում Ապրիլյան պատերազմին մասնակցելու մասին գրելը, սոցիալական հարցերը, վիրավոր տղաներին աջակցելու հարցերը․․․ Մեր կազմակերպությունը չունի հովանավորներ, աջակիցներ, պարզապես ընկերներով այսպիսի թիմ ենք ձևավորել՝ ստեղծելով տվյալ ՀԿ-ն։ Տարբեր հարցերի բախվելով՝ բարձրաձայնում ենք դրանք։ Մենք չենք կարող լռել։ Մենք պիտի գործով ապացուցենք, որ անում ենք ամեն ինչ՝ հերոսների արյունով պահած հողը պահպանելու համար։ Մենք պիտի աջակցենք զոհված հերոսների ընտանիքներին։ Հավատացե՛ք՝ գնահատում ենք ամեն քայլ, որ արվում է։ Վարչապետն անձամբ ընդունեց Ապրիլյան պատերազմում զոհված տղաների ծնողներին։ Վարչապետի տիկինը ևս հանդիպում է նրանց ծնողներին։ Հերոսների ծնողները ուշադրության, հոգատարության կարիք ունեն։ Վերջերս մի խնդիր եղավ, որի մասին բարձրաձայնեցինք․ ՊՆ-ն զոհվածների ծնողներին Բանակի օրը բացիկներ էր ուղարկել․ դրանց վրա անգամ զինվորի անունը չէր նշվել։ Առաջին հայցքից սա, գուցե, մանր հարց է թվում, բայց իրականում շատ կարևոր է։ Մենք պիտի գիտակցենք, որ զոհված քաջերի ծնողների համար միակ սփոփանքը ջերմ, հոգատար վերաբերմունքն է», - նշեց Մանուել Մանուկյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր