Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքներին զուգահեռ՝ վերջին շրջանում ակտիվացել են հողեր հանձնելու հետ կապված կեղծ օրակարգը։ Մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ այս կերծ օրակարգն ասպարեզ բերողների հետևում կանգնած են հենց Քոչարյանները, քանի որ նրանց համակիրները ջանք չեն խնայում հողեր հանձնելու «վտանգի» մասին բարձրաձայնել, ավելին՝ ակցիաներ են կազմակերպում։
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ բարեբախտաբար, Հայաստանում քաղաքական որոշումներն այլևս նրանք չեն կայացնում։ Հարցին՝ համամի՞տ եք այն պնդումներին, թե հողեր հանձնելու հետ կապված կեղծ օրակարգն այսօր հենց Քոչարյաններն են ասպարեզ բերել, քաղաքագետը պատասխանեց․ «Իհարկե, որովհետև Քոչարյանը ստեղծել է մի միֆ, որ ինքը հող չտվողն է, իսկ եթե մնացածն այդ պնդմանը կամ հաձայն չեն կամ դրան պատշաճ վերաբերմունք չեն դրսևորում՝ դրա հետ կապված, ապա հող հանձնող են»։ Անդրադառնալով Քոչարյանին ու նրա գաղափարներին սատարող ֆեյքերին՝ Ռուբեն Մեհրաբյանը նշեց՝ նրանք ընդամենը անհաջող ձևով փորձում են Քոչարյանի անհաջող քաղաքականության շահերը սպասարկել։ «Բայց դա եղանակ չի փոխում և չի կարող փոխել», - ավելացրեց քաղաքագետը։
Հարցին՝ հանրության ինչ-որ զանգվածներ կարո՞ղ են լուրջ ընդունել հող հանձնելու հետ կապված կեղծ օրակարգը, քաղաքագետը պատասխանեց․ «Ինչ-որ չնչին մաս, այո՛, կարող է լուրջ ընդունել»։ Այսուամենայնիվ, քաղաքագետն ընդգծեց՝ որևէ նախադրյալ չի տեսնում, որ այս ամենը կարող է ազդել Քոչարյանի քրեական գործի ընթացքի վրա, քանի այն ընթանում է իր տրամաբանությամբ և ըստ այդմ՝ հասնելու է իր վերջնահանգրվանին՝ անկախ նրանից, թե ով ինչ կմտածի։ «Իսկ Քոչարյանի որդուն մեղսագրվող հանցանքների մասին կարող եմ դատողություններ անել՝ ելնելով միայն պաշտոնական հայտարարություններից, իսկ դրանցում ասվում է, որ նորությունները դեռ առջևում են», - եզրափակեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Irakanum.am