Պարզվում է՝ կրթական համեստ որակավորումներ ունեցող, շուրջ 12 տարվա ջանքերի արդյունքում «Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարան» մասնավոր հաստատությունից իրավագետի որակավորում ստացած, սակայն հարկային մարմնում դեռևս «պահանջված» ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Երևան քաղաքի բաժնի ներկայիս պետ Արթուր Սահակյանը նույնքան համեստ կարողությամբ աչքի չի ընկնում: 1990 թվականից մինչ օրս բացառապես հարկային մարմնում աշխատած և 2001 թվականից ի վեր նույն մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած այս պաշտոնյան, բազմաթիվ այլ՝ երկարամյա պետական փորձ ունեցող ազնիվ ծառայողների համեմատությամբ, վարկային պարտավորություններով ծանրաբեռնված չէ: Ավելին, հասցրել է ապահովել իր բազմանդամ ընտանիքի երկարաժամկետ բարեկեցությունը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017թ. պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Արթուր Սահակյանը հայտարարագրել է երկու բնակարան և մեկ անհատական բնակելի տուն: Իհարկե, անշարժ գույքերի թիվն ինքնին հանրային հետաքրքրության առարկա չէր դառնա, եթե լրագրողական հետաքննությունը չբացահայտեր դրանց գտնվելու վայրը, ինչպես նաև պաշտոնավարման տարիներին ձեռք բերելու հանգամանքը: Նշված բնակարանները գտնվում են ոչ թե Երևան քաղաքի արվարձաններում, այլ քաղաքի լավագույն հատվածներից մեկում, ինչպիսին Բաղրամյան պողոտան է: Իսկ առանձնատունը գտնվում է էլիտար առանձնատների թաղամաս համարվող Սունդուկյան փողոցում, որտեղ տեղակայված անշարժ գույքի միջին շուկայական արժեքը գնահատվում է 500.000 ԱՄՆ դոլար: Ինչպես և կարելի էր կանխատեսել, հասարակ ապրելաձևով ընտանիքից սերված զավակը նշված գույքերը ժառանգության կամ նվիրատվության կարգով չի ստացել:
Խորհրդային բանակում ծառայությունը տնտեսագետի կրթության հետ համատեղած Արթուր Սահակյանը, մինչև 1990 թվականը շուրջ 7 տարի աշխատելով ապարատավար, այնուհետև՝ գործարանի տնտեսագետ, տվյալ ժամանակահատվածում չի դարձել այս գույքերի սեփականատերը: Պարզվում է, որ մի քանի հարյուր միլիոն դրամ արժողության նշված անշարժ գույքերը ձեռք են բերվել 2000, 2002 և 2005 թվականներին՝ առքուվաճառքի պայմանագրերի հիման վրա: Ստացվում է, որ հարկային մարմնում շուրջ 10-15 տարվա գործունեության արդյունքում պաշտոնյան, պետական չնչին աշխատավարձի հաշվին բազմանդամ ընտանիքի ծախսերը հոգալով հանդերձ, կարողացել է ինչ-որ կախարդական փայտի օգնությամբ «խնայել» հսկայական դրամական միջոցներ, որոնց հաշվին էլ գնել է այս անշարժ գույքերը: Մնում է երևակել, թե ինչ արժողության չբացահայտված կարողություն է կուտակել Արթուր Սահակյանը հետագա տարիների և մինչ օրս իրականացվող «բեղմնավոր» աշխատանքային գործունեության արդյունքում՝ նույն կախարդական փայտիկի օգնությամբ:
Եվ սա ամենը չէ. հարկային մարմնում աշխատանքը «նպաստել» է պաշտոնյայի գեղարվեստական ճաշակի ձևավորմանը: Ամսեկան միայն 400.000 ՀՀ դրամ աշխատավարձի չափով եկամուտ ունեցող պաշտոնյան անգամ հասցրել է ձեռքբերել թանկարժեք նկարներ և ոսկյա զարդեր: Ըստ հայտարարագրի՝ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է ութ միլիոն դրամը: Նույն կերպ, անբացատրելի են Արթուր Սահակյանի կնոջ խնայողությունները: Ըստ Լարիսա Սահակյանի՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինիս միակ եկամուտի աղբյուրն աշխատավարձն է՝ ամսեկան 70.000 դրամի չափով, սակայն դեկտեմբերի դրությամբ նրա խնայողությունները կազմել են 13.500.000 ՀՀ դրամ, 12.450 ԱՄՆ դոլար և 8.400 Եվրո:
Պաշտոնյայի եկամուտների և ձեռքբերումների այս պարզ համադրումից ակնառու է, որ նրա՝ պետական աշխատավարձից գոյացած գումարները բավարար չէին նշված անշարժ և թանկարժեք գույքերի անգամ մեկ տասներոդական մասը գնելու համար: Իսկ թե տնտեսվարողների նկատմամբ լուրջ ազդեցություններ ու լծակներ ունեցող հարկային մարմնի պատասխանատու պաշտոնյան ի՞նչ այլ միջոցներ կարող էր ուղղել պաշտոնավարման ընթացքում մի քանի հարյուր միլիոն դրամի արժողությամբ ունեցվածքի ձեռքբերմանը, պետք է պարզեն իրավապահ մարմինները:
Irakanum.am