00:00:00

Փաշինյանը Ալիեւի հետ հանդիպումից մանրամասներ է հայտնել

12:55, 01 ապրիլ 2019

Facebook-ի իր էջում ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիեւ բանակցություններից: Նա նշել է, որ ինչպես արդեն հայտարարել է՝ հանդիպումը դրական է ներկայացնում. «Ես արդեն հայտարարել եմ, որ դրական եմ գնահատում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումը, նաեւ ասել եմ, որ այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր մշակույթ մտցնենք, երբ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ ու պարտվողներ: Իմ կարծիքով շատ կարեւոր է, որ հանդիպումից հետո կողմերն իրենց մեկնաբանություններում հնարավորինս այն տրամաբանությամբ առաջնորդվեն, որ ոչ թե դիմացի կողմին ինչ-որ ձեւով վատ վիճակի մեջ դնեն, այլ 100 տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանը եւ բանակցային տրամաբանության ոգուն: Գիտեք, մի այսպիսի պարզ տեխնիկական ու գործնական խնդիր կա. պատկերացրեք, որ երկու երկրների ղեկավարներ ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են եւ կես ժամ, 2-3 ժա, էական չէ, խոսում, քննարկում են եւ հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեռն իրարից տարբերվում են եւ հակառակ են: Հավատացեք, դա բավական լուրջ խնդիր է առաջացնում եւ ընդհանրապես, հարցականի տակ է դնում պրոցեսի ողջ լրջությունը: Այդ առումով մեզ համար չափազանց կարեւոր է լինել մաքսիմալ կոռեկտ, մաքսիմալ մնալ բանակցային տրամաբանության շրջանակներում: Սա է պատճառը, որ նաեւ հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, տվյալ դեպքում համանախագահների ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդգծում է խոսակցության տրամաբանությունը, այն ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ: Քանի որ վերջին օրերին ադրբեջանական կողմը հանդես է գալիս հայտարարություններով, որոնք ըստ էության, դուրս են համատեղ հայտարարության շրջանակից, ես հարկ եմ համարում մի քանի պարզաբանումներ մտցնել, նաեւ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ բանակցություններն առավել արդյունավետ դարձնելու համար պետք է ինչ-որ ձեւով մոռանանք հին ու կրկնող տեքստերը, որոնք ցույց են տվել իրենց անարդյունավետությունը եւ պետք է նոր մոտեցումներով առաջնորդվենք բանակցային գործընթացում: Սա այն է, ինչ Հայաստանն առաջարկում է: Ուզում եմ վերահաստատել, որ Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով: Այսինքն, ինչ մենք նախանշել էինք մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում: Այդ նիստում ես ասել էի, որ մեզ համար շատ կարեւոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում: Ես նաեւ ասել էի ու հիմա էլ ասում եմ, որ սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ ու ակնկալիք չէ, ոչ էլ քմահաճույք է կամ նախապայման: Սա ընդամենը բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր է: Հիմա, երբ ադրբեջանական կողմն ասում է, որ կարեւորն այն է, որ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, նրանք ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել: Սա նախ կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչ որ մենք արդեն իսկ պայմանավորվել ենք՝ չփնտրել հաղթողների ու պարտվողները: Երկրորդ, Ղարաբաղի մասնակցության վրա շեշտելով եւ նման հարց դնելով, մենք ընդհանրապես բանակցային ֆորմատի փոփոխման հարց չենք դրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցային ֆորմատն ընդհարապես կասկածի տակ չէ: Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատն ըստ էության: Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւավորման առաջին փուլից Ղարաբաղի մասնակցությունը եղել է հենց բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում եւ այս առումով մենք բնականաբար, ֆորմատի փոփոխության հարց չենք դնում: Հիմա Վիեննայում արդյոք քննարկվե՞լ է Ղարաբաղի մասնակցության հարցը. իհարկե, քննարկվել է: Արդյոք մենք լրջորեն փաստարկե՞լ ենք այդ տեսակետը, իհարկե, փաստարկել ենք: Արդյոք հարցի վերաբերյալ կողմերը եկե՞լ են համաձայնության, իհարկե չեն եկել: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ այդ հարցը քննարկումներից դուրս եկավ, իհարկե ոչ: Դա նշանակում է, որ այդ թեմայի շուրջ քննարկումները պետք է շարունակենք: Բացի նախկինում հնչած փաստարկներից, ես ուզում եմ եւս մեկ փաստարկ բերել: 1998 թվականից բանակցային գործընթացում Ղարաբաղը ներկայացված է եղել, որովհետեւ մենք շատ դեպքերում ասում ենք, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից 1998-ից հետո դուրս է մղվել: Այո, ֆորմալ առումով այդպես է, բայց 1998-ից մինչեւ 2018 թվականը Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավված է եղել, որովհետեւ Հայաստանը բանակցություններում ներկայացրել են մարդիկ, որոնք կենսագրությամբ եղել են Ղարաբաղի լիդերներ եւ կարող էին նաեւ ինչ-որ առումով այդպես համարվել: Համենայնդեպս, Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ բանակցային գործընթացում ինքը ներկայացված է: Մեր փաստարկն այն է, որ մինչեւ 1998-ը եւ դրանից հետո Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին ու հիմա այն փաստի բերումով, որ ես ծնունդով ղարաբաղցի չեմ եւ Ղարաբաղի լիդերներից մեկը չեմ եղել, ստացվում է, որ ահա նոր հիմա Ղարաբաղը դուրս է մնացել բանակցային գործընթացից: Այն, ինչ արվել է նախկինում, ասվել է Վիեննայում եւ շատ ավելին է ասվել: Մենք ունենք շատ փաստարկների բազա, որի մանրամասները չեմ ուզում քննարկել: Ես ընդամենն ուզում եմ ասել, որ իհարկե, օրակարգի այդ կետն արձանագրվել է եւ ամբողջ ծավալով քննարկվել Վիեննայում: Հաջորդ կետը. Ես ասել էի, որ մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պետք է որոշակի բացատրություններ ստանամ որպես բանակցություններում նոր մարդ: Այս հարցը եւս բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ քննարկման ժամանակ, ինչպես նաեւ համանախագահների հետ քննարկման ժամանակ: Արդյոք այս փուլում կարո՞ղ ենք ասել, որ այդ պարզաբանումները ստացված են եւ մենք մեր հարցերի պատասխանները ստացել ենք: Ոչ, որովհետեւ դրանք շատ ծավալուն հարցեր են եւ մեկ քննարկման արդյունքում, դժբախտաբար, հնարավոր չէր այդ պատասխաններն ստանալ: Դա նշանակում է, որ պետք է նաեւ հետագայում դա քննարկվի: Մենք այս հարցերի քննարկումը պատվիրակել ենք նաեւ մեր ԱԳ նախարարներին, նաեւ համանախագահների հետ պետք է շարունակենք այս թեմայով քննարկումը: Երրորդ հարցը՝ հանրություններին խաղաղության նախապատրաստելու հարցը: Արդյոք փաստարկների այն բազան, որի մասին ես խոսել եմ, բերվե՞լ է Վիեննայի քննարկումների ժամանակ: Իհարկե բերվել է ամբողջ ծավալով: Նաեւ այս համատեքստում է, որ մենք որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերել հումանիտար ոլորտում փորձել իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք առավել նպաստավոր պայմաններ կստեղծեն հումանիտար քայլերի առումով խաղաղության համար, բանակցային գործընթացի դրական ֆոնի համար: Այս առումով շատ կարեւոր էր, որ համատեղ հայտարարության տեքստում հղում եղավ ոչ միայն Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլեւ արձանագրվեց, որ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի եւ առավել ուժեղացվի: Արյդյոք սա նշանակում է, որ այս թեմայով մենք ամեն ինչ արել ենք, իհարկե, չի նշանակում: Բայց նշանակում է, որ այն պրոցեսը, որ սկսվել էր զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ, վերահաստատվում է եւ մենք ըստ անհրաժեշտության պետք է քննարկենք, թե էլ ինչ քայլեր  պետք է ձեռնարկենք կամ ընթացիկ վիճակն ինչպես պետք է առավել համապատասխանեցնենք հրադադարի ռեժիմին: Ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ ես նկատում եմ, որ բանակցային գործընթացի մեկնաբանությունների վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարություններում կան հին, իներցիոն տեսքստեր, որոնք բացարձակապես չեն արտահայտում այն նոր մթնոլորտը, որ մենք ունենք բանակցություններում: Ես կարծում եմ, որ մենք նոր մթնոլորտ, նոր իրավիճակ, նոր ասելիք ունենք բանակցություններում, նոր հեռանկարներ ու ըմբռնումներ ունենք բանակցություններում: Անհասկանալի է, թե ինչու պետք է ադրբեջանական կողմը խուսափի կամ վախենա այդ ճշմարտություններն ընդունելուց: Այդ ճշմարտությունները չեն նշանակում որեւէ կողմի հաղթանակ կամ պարտություն: Երբ Ղարաբաղը ընդգրկվի բանակցային գործընթացում, արդյոք դա կլինի ադրբեջանական կողմի պարտություն: Իհարկե ոչ, որովհետեւ չի կարող որեւէ բանակցություն լինել արդյունավետ ու բերել կարգավորման, եթե այդ բանակցային գործընթացում կամ ընդհանրապես հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունեցող որեւէ կողմ դուրս է մնում բանկցային գործընթացից: Այս խնդիրը մեզ համար ոչ նախապայման է, ոչ քմահաճույք: Սա արտահայտում էմեր հարգանքը բանակցային գործընթացի բոլոր մասնակիցների նկատմամբ, որովհետեւ մենք ուզում ենք, որ տեքստերը եւ գործերը 100 տոկոսով համապատասխանեն իրար: Եթե մենք ուզում ենք լուծել Ղարաբաղի հարցը, խաղաղ կարգավորման հասնել, իսկ մենք դա ուզում ենք, առաջին ամենակարեւոր պայմաններից մեկն է անել դրա համար անհրաժեշտ բոլոր նախապատրաստական քայլերը: Ստեփանակերտի օրակարգը հենց դրա մասին էր: Ես այս մեկնաբանության անհրաժեշտությունը տեսա Ադրբեջանի մեր գործընկերների մի շարք մեկնաբանությունների ծանոթանալով, որոնց չեմ ուզում մեկնաբանություն տալ, պարզապես ուզում եմ, որ բոլորս մնանք այն պյմանավորվածությունների շրջանակում, որ ձեռք ենք բերել մեր հանդիպումների ընթացքում: Այդ շրջանակն արձանագրված է համանախագահների ու ԱԳ նախարարների համատեղ հայտարարություններում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր