ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի օգնական Վ. Բոյաջյանի անունիս ԱԱԾ–ն տարածել է հայտարարություն, որում «Ժամանակ» թերթից և 1in.am կայքից պահանջում է հերքել վերոնշյալ երկու լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունը։
«Այսօր՝ մարտի 30-ին, «Ժամանակ» թերթում և 1in.am կայքում տպագրվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին վերագրվող հերթական ապատեղեկատվությունը, որը որևէ կապ չունի իրականության հետ և վնասում է Նոր Հայաստանի կերտման գործում այն դերակատարությանը, որն այսօր իրականացնում է Ազգային անվտանգության ծառայությունը:
Սույն թվականի մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ ինքն ու իր ընտանիքը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել և չեն ունենալու բենզինի ներկրման և նավթամթերքի շուկայի հետ: Ուստի մեզ համար անհասկանալի է ապատեղեկատվություն տարածելու Ձեր դրդապատճառները:
Սույնով հերքում ենք հիշատակված հրապարակման մեջ ներկայացված տեղեկատվությունն ամբողջությամբ և «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն պահանջում ենք հրապարակել հերքում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք ԱԱԾ գործունեության հետ որևէ կերպ առնչվող ցանկացած նյութ հրապարակելուց առաջ ճշտել նաև կառույցի պաշտոնական կարծիքն ու դիրքորոշումն այդ հարցում»,– ասվում է հայտարարությունում։