Արցախի Հանրապետության ԱԳՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը Lragir.am գործակալությանը:
Վերջերս Բաքվից կրկին սկսել են հայտարարություններ հնչել, որ Ադրբեջանի համբերությունը սահման ունի, եւ եթե ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը չիրականացվեն, ապա նա «ստիպված կլինի իրացնել ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ նշված բոլոր իրավունքները»։ Բացի այդ, ադրբեջանական իշխանությունները գտնում են, որ «այն խաղաղությունը, որի մասին խոսում է Հայաստանը, եւ այն խաղաղությունը, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, տարբեր են։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Բաքվի նմանատիպ հայտարարությունները։
Ադրբեջանական կողմի պնդումները, որ իբր կա տարբերություն այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է Հայաստանը, եւ այն խաղաղության մեջ, որի մասին խոսում է միջազգային իրավունքը, Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի աղավաղված ընկալման եւ կամայական մեկնաբանման ակնհայտ հետեւանք են։ Ավելին, Ադրբեջանի գերագույն ղեկավարությունը ժխտում է միջազգային իրավունքը, համարելով, որ միջազգային հարաբերություններում գերիշխում է «ճշմարտությունն ուժեղի կողմն է» սկզբունքը։
Բաքվի կողմից միջազգային իրավունքի նորմերի կանխակալ մեկնաբանման մասին է վկայում նաեւ այն, որ նրանք փորձում են իբր թե ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն իրենց վերապահել ագրեսիվ պատերազմ սանձազերծելու իրավունք։ Մինչդեռ, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ընդհակառակը, իրավաբանորեն ամրագրել է միջազգային հարաբերություններում ուժի կիրառման արգելքը՝ բացառությամբ երկու թույլատրելի դեպքերի՝ ինքնապաշտպանության նպատակով եւ Անվտանգության խորհրդի որոշմամբ։
Սակայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում Բաքվի կողմից ինքնապաշտպանվելու իրավունքի վկայակոչումը զուրկ է իրավական հիմքերից ինչպես պայմանագրային, այնպես էլ՝ սովորական իրավունքի տեսանկյունից։ Ադրբեջանը չի կարող վկայակոչել ոչ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության Հոդված 51-ը, ոչ ինքնապաշտպանության «հանկարծակի եւ անհաղթահարելի անհրաժեշտությունը», քանի որ 1994 թվականից գործում է կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ համաձայնագիր, որը հայկական երկու կողմերը լիարժեք կերպով պահպանում են։ Հիշեցնեմ, որ 1994 թ. հուլիսի 26-27-ը (Արցախը) Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը եւ Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց հանձնառությունները՝ ընդհուպ մինչեւ մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։
Ավելորդ չի լինի նշել, որ հենց Արցախն է ենթարկվել Ադրբեջանի ագրեսիային, որին հակադարձելու համար ՄԱԿ-ի Կանոնադրության Հոդված 51-ի հետ լիակատար համապատասխանությամբ իրացրել է իր ինքնապաշտպանության իրավունքը։
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինքնապաշտպանության իրավունքի մասին Ադրբեջանի շահարկումները մերժվել են միջազգային հանրության կողմից, այդ թվում նաեւ՝ 2016 թ. ապրիլին, երբ Ադրբեջանը, խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, լայնածավալ հարձակում է սկսել Արցախի վրա։
Հարկ է նշել, որ նոր ագրեսիա սանձազերծելու Ադրբեջանի փորձը խափանվել է գլխավորապես Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի վճռական գործողությունների շնորհիվ։ Արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, ինչպես նաեւ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ Գործող նախագահը եւ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը միակարծիք են եղել, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել 1994 թ. կրակի դադարեցման եւ 1995 թ. հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրերը։
Մասնավորապես, 2016 թ. դեկտեմբերի 8-ին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով կողմերին «խստորեն պահպանել 1994 եւ 1995 թթ. հրադադարի մասին համաձայնագրերը, որոնք հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման հիմքն են հանդիսանում»։
Ավելին, միջազգային իրավունքը նաեւ արգելք է դնում ուժի կիրառման վրա, եթե դա արվում է՝ ճնշելու միջազգային իրավունքի հրամայական նորմ հանդիսացող ինքնորոշման իրավունքը։ Ինքնորոշման սկզբունքի դեմ ուժի կիրառման արգելքն ունի միջազգային իրավունքի նորմի սովորական կարգավիճակ եւ ամրագրված է մի շարք հիմնարար միջազգային փաստաթղթերում, մասնավորապես, «Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որոնք վերաբերում են պետությունների միջեւ բարեկամական հարաբերություններին եւ համագործակցությանը՝ համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության» եւ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 3314 «Ագրեսիայի բնորոշում» բանաձեւի։
Տեղին է նաեւ հիշեցնել, որ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, բացի ուժի կիրառման վրա ընդհանուր արգելք դնելուց, ամրագրել է նաեւ միջազգային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը, համաձայն որի, «ՄԱԿ-ի անդամներն իրենց միջազգային վեճերը կարգավորում են խաղաղ միջոցներով, որպեսզի վտանգի չենթարկեն միջազգային խաղաղությունը եւ անվտանգությունը եւ արդարությունը»։
Ակնհայտ է, որ տարածաշրջանում հաստատուն խաղաղության եւ կայունության կարելի է հասնել միայն վերացնելով հակամարտության սկզբնապատճառը, ինչը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ժխտում է Արցախում ապրող մարդկանց թե՛ անհատական, թե՛ կոլեկտիվ իրավունքները։
Հենց ադրբեջանական իշխանությունների՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի եւ ահաբեկչության միջոցով ճնշելու փորձն է հանգեցրել նրան, որ քաղաքական խնդիրը վերաճել է զինված առճակատման։ Եվ այսօր ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում հիմնական խոչընդոտներից մեկը այդ ապակառուցողական քաղաքականությունից հրաժարվելու Բաքվի չկամությունն է։
Եթե Ադրբեջանը փորձի հակամարտությունը լուծել ուժի միջոցով, ինչն ըստ ՄԱԿ-ի ԱԽ վերոհիշյալ 3314 բանաձեւի հոդված 1-ի կնշանակի ագրեսիվ պատերազմի սանձազերծում, ապա Արցախի Հանրապետությունը լիակատար իրավունք ունի ձեռնարկել ինքնապաշտպանության բոլոր անհրաժեշտ միջոցները եւ պաշտպանել իր ազատությունն ու անկախությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ, մասնավորապես, ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան։