00:00:00

Կառավարությունը պետք է համախմբի մտավոր ներուժը երկրում առկա խնդիրների լուծման օրակարգի շուրջ. Փաշինյան

21:28, 27 մարտ 2019

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի խնդիրն է ընդարձակել այն մտավոր դաշտը, որում գործում է Հայաստանի կառավարությունն ու իշխանությունը: Այս մասին կենտրոնի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Բազմիցս եմ առիթներ ունեցել ասելու, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը մտավոր ոլորտի խնդիր է: Նկատի ունեմ, որ մեր բոլոր տեսակի խնդիրների լուծումն առաջին հերթին ինտելեկտուալ խնդիր է: Մեզնից որևէ մեկը չի կարող որևէ տեղ լինել ֆիզիկապես, եթե նախ և առաջ այնտեղ չի գտնվել մտովի: Մեզնից որևէ մեկը չի կարող անել որևէ գործողություն, եթե նա այդ գործողությունը նախ չի արել մտովի: Իհարկե, եթե մենք ուզում ենք անել գիտակցված գործողություններ և ուզում ենք կառավարել մեր գործողությունները: Սա յուրաքանչյուր կառավարության և անհատի, ինստիտուտի խնդիրն է՝ գիտակցել և կառավարել սեփական գործողությունները: Այս է պատճառը, որ մենք կայացրել ենք այսպիսի որոշում՝ ստեղծել այսպիսի վերլուծական կենտրոն: Եվ այդ վերլուծական կենտրոնի խնդիրը շատ հստակ է ձևակերպվում: Նա պետք է ընդարձակի այն մտավոր դաշտը, տարածքը, որում գործում ենք մենք, ՀՀ կառավարությունը, ՀՀ իշխանությունը»,- ասաց վարչապետ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ իրենց համար կարևոր առաջնահերթություն է համագործակցությունը Հայաստանի փորձագիտական ներուժի հետ: «Մեզ համար շատ կարևոր է, որ համագործակցենք համագործակցության կամուրջներ ստեղծենք նմանատիպ այլ հանրային, մասնավոր կառույցների հետ: Եվ մենք ամենևին էլ չենք համարում, որ այսպիսի կենտրոնը կառավարության աշխատակազմում կամ ՊՈԱԿ-ում նշանակում է, որ մենք պետք է համարենք ինտելեկտուալ արտադրանքի միակ աղբյուրը: Երկրի իշխանությունը, կառավարությունը պետք է երկրում առկա խնդիրների լուծման օրակարգի շուրջ համախմբի մտավոր ներուժը: Սա մեր առաջին քայլն է այդ ճանապարհին: Հաջորդ քայլերով մենք պետք է փորձենք ավելի հստակեցնել մեր համագործակցության մեխանիզմներն այլ վերլուծական կենտրոնների հետ»,- հայտարարեց վարչապետը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ ու հաջողություն մաղթելով առաջիկա գործունեության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր