00:00:00

Կարեն Կարապետյանն Արմավիրի մարզում ծանոթացել է ջայլամաբուծության, պիստակի այգիների հիմնման և գինեգործության ծրագրերին

16:12, 19 մարտ 2018 Տնտեսություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 17-ին Արմավիրի մարզ այցի շրջանակում ծանոթացել է տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին: Մասնավորապես, կառավարության ղեկավարն այցելել է Փշատավան համայնքում հիմնված ջայլամաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություն: Վարչապետին տեղեկացվել է, որ տնտեսությունում 2008 թվականից իրականացված ներդրումների արդյունքում ջայլամների թիվը հասցվել է շուրջ 500-ի: Նախորդ տարեվերջից սկսած՝ մեկնարկել է բաստուրմայի, սուջուխի և ղաուրմայի արտադրությունը: Առայժմ ողջ արտադրանքն իրացվում է միայն հայկական շուկայում, սակայն նախատեսվում են քայլեր իրականացնել նաև արտահանման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է Հայաստանում ջայլամաբուծության զարգացումն ու առաջարկել է փոխգործակցել «Գործարար Հայաստան»  հիմնադրամի (Հայաստանի զարգացման հիմնադրամ) հետ՝ արտահանումը խթանելու նպատակով:       Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է մարզի Արտամեդ համայնք, որտեղ իրանահայ ներդրողների կողմից իրականացվում է պիստակի այգիների հիմնման խոշոր ծրագիր: Կարեն Կարապետյանին տեղեկացրել են, որ 10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրով Արմավիրի մարզում հիմնվելու է 590 հեկտար պիստակի այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Տնկիների մշակման աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Նախատեսվում է արտադրված պիստակի ողջ ծավալն արտահանել տարբեր շուկաներ: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում աջակցություն ցուցաբերել ներդրումային ծրագրի իրականացմանն ու արտահանման կազմակերպմանը: Վարչապետը եղել է նաև Սարդարապատ համայնքում գործող Voskeni wines գինեգործական ընկերությունում, ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ծրագրերին: Ընկերությունն արտադրությունն իրականացնում է Գերմանիայից ներկրված ժամանակակից սարքավորումներով: Խաղողի մթերման նպատակով պայմանագրեր են կնքվել ոչ միայն Արմավիրի մարզի, այլ նաև Վայոց ձորի խաղողագործների հետ: Բացի այդ, ընկերությունը նախատեսում է ընդլայնել խաղողի սեփական այգիները ոռոգման կաթիլային համակարգերով: Բացի գինիների տեսակների ընդլայնումից՝ ծրագրվում է ավելացնել նաև արտահանման ծավալները: Այժմ արտադրանքն իրացվում է Հայաստանում, Ռուսաստանում, Նիդեռլանդներում: Համապատասխան քայլեր են իրականացվում եվրոպական նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր