Ինչպես տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինական կոմիտեն, վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Գյումրու քաղաքապետարանում տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Քննարկումները անցել են բուռն, տևել են 3 ժամ:
Աշխատանքային խմբի ստեղծման նպատակը՝ աղետի գոտու քաղաքային բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների (տնակների) փաստագրման արդյունքների հավաքագրումը և դրանց հիման վրա համապատասխան առաջարկների փաթեթի մշակումն է:
Ընդ որում՝ կատարված աշխատանքների վերջնական արդյունքները ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելու ժամկետ է սահմանվել 2019 թվականի հունիսի 30-ը:
Տվյալների հավաքագրումը շարունակվում է, սակայն դրանք դեռևս համալրման կարիք ունեն:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը՝ օր առաջ ոչ հիմնական շինությունների վերաբերյալ տեղեկատվությունը Կոմիտե ներկայացնելու խիստ հանձնարարականներ է տվել: Նա խնդրել է հստակեցնել, թե որ օղակներում են դանդաղում ոչ հիմնական շինությունների փաստագրման աշխատանքները՝ խնդիրներին լուծում տալու նպատակով:
Ներկաները լսել են աշխատանքային խմբի անդամների առաջարկությունները՝ ոչ հիմնական շինությունների քանդման, դրանցում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման, քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող շինությունների օրինականացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև նախնական ուսումնասիրություն՝ ոչ հիմնական շինությունների ծագման, ինչպես նաև ընտանիքների խմբերի՝ տնակներում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների վերաբերյալ՝ հետագայում համապատասխան առաջարկներ և լուծումներ մշակելու նպատակով: